Tuesday, November 17, 2009

Milliyet. Թուրքերը սպառնում են պատռել հայ-թուրքական արձանագրությունները

News.am- 17-11-2009- Թուրքական ազդեցիկ Milliyet պարբերականն իր էջերում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Թերթի թղակից Սեմիհ Իդիզը զրուցել է ամերիկացի եւ թուրք բարձրաստիճան դիվանագետների հետ՝ բավական հետաքրքիր դիտարկումներ անելով: Հոդվածը ձեզ ենք ներկայացնում ամբողջությամբ: «Վերջերս զրուցեցինք ամերիկյան բարձրաստիճան մի դիվանագետի հետ: Հարցնում էր Հայաստանի հետ ստորագրված „ցյուրիխյան արձանագրությունների“ հետագա ճակատագրի մասին, հետաքրքրվում էր, թե ինչքան ժամանակ կպահանջվի խորհրդարանում այդ արձանագրությունների վավերացման համար: Որից հետո հիշեցրեց հետեւյալը. „Իրականում շատ ժամանակ չի մնացել: Առջեւում ապրիլի 24-ն է, եւ ցեղասպանության հարցում դարձյալ սկսվելու են ճնշումները“: Եվ իրոք, Միացյալ Նահանգներում գործող հայկական լոբբին արդեն գործի է անցել: Սփյուռքում կոշտ դիրքորոշման կողմնակիցները հույս ունեն, որ արձանագրությունները չեն վավերացվի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից: Այդպիսով հույսեր են տածում, թե նորից կկարողանան դուրս գալ այն նեղ վիճակից, որում հայտնվել են արձանագրությունների պատճառով: Այն, ինչ լսեցինք ամերիկյան բարձրաստիճան ներկայացուցչի շուրթերից, մեզ համար լուրջ նախազգուշացում էր, եւ ասացինք, որ եթե այդ տեսակետը հնչի, թուրք հասարակությունն այն կընկալի որպես „սպառնալիք“: Ավելի վաղ նման մի հարց էիք ուղղել թուրք բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկին եւ նրանից ստացած ապշեցուցիչ պատասխանը ներկայացրեցինք ամերիկացի պաշտոնյային. „Ի պատասխան Միացյալ Նահանգների ապրիլքսանչորսյան ճնշումներին` մենք հանդիսավոր կերպով կպատռենք եւ մի կողմ կնետենք հայ-թուրքական արձանագրությունները“: Առկա է մազոխիստական միտում Մեր ամերիկացի զրուցակիցը, լսելով այդ պատասխանը, մի պահ լռեց: Դեմքին այնպիսի արտահայտություն կար, կարծես ուզում էր ասել. „Այս խելագար թուրքերն իրոք դա կանեն“: Մենք կարծեցինք` հիշեց, թե „ինչպես Թուրքիան 1974թ., հակառակ Վաշինգտոնի նախազգուշացումներին, գնաց Կիպրոս, Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում առկա բոլոր ենթադրություններին հակառակ` մերժեց մարտյան որոշումը“: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունից մինչեւ „Էրգենեքոնի“ դատավարություն եւ գրեթե ամեն բանի ետեւում Ամերիկային տեսնելու մազոխիստական միտում կա Թուրքիայում: Սակայն Վաշինգտոնից մեր երկրին հետեւողները գիտեն, որ ԱՄՆ-ն այնքան ազդեցություն չունի Անկարայի վրա, որքան թվում է: Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնն անցած շաբաթ Անկարայում` մամուլի ասուլիսի ժամանակ, ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք Վաշինգտոնը կանգնած է քրդական հարցի կարգավորման նախաձեռնության ետեւում, պատասխանեց. „Երանի այդքան ազդեցիկ լինեինք“: Ի վերջո, եթե ԱՄՆ-ն այդքան ազդեցիկ լիներ, Անկարան այսօր չէր փչացնի հարաբերությունները Իսրայելի հետ եւ չէր մերձենա Իրանի եւ Սիրիայի հետ: Բնականաբար, չենք ասում, թե Վաշինգտոնն ընդհանրապես ազդեցություն չունի: Պատմությունը ցույց է տալիս բոլորովին հակառակը: Սակայն նույն պատմությունը ցույց է տալիս, որ թուրքերի համար „կենսական“ համարվող հարցերում դա ամենեւին էլ այդպես չէ: Եթե Միացյալ Նահանգներն այդքան ազդեցիկ լիներ, Կովկասում իրավիճակը վաղուց փոխած կլիներ հօգուտ իրեն: Այսօր Վրաստանի եւ Հայաստանի հասարակություններն, ի տարբերություն թուրքերի, ընդհանուր առմամբ ամերիկամետ են: Այստեղ, բնականաբար, առկա է երկու պետությունների` ամերիկյան սփյուռքի գործոնը: Իսկ Ադրբեջանը Վաշինգտոնի հետ համագործակցում է ռազմական, քաղաքացիական եւ տնտեսական ոլորտներում: Մեծ խաղը Կովկասում է Վաշինգտոնը, հակառակ իր նպաստավոր դիրքին, մինչ օրս չի կարողացել ազդել ղարաբաղյան հակամարտության գործընթացի վրա` այն կարգավորելու առումով: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այն, ինչ արեց Արեւելյան Եվրոպայում, չկարողացավ անել Հարավային Կովկասում: Կարճ ասած` չկարողացավ տարածաշրջանը վերցնել իր ազդեցության տակ: Առկա հավասարակշռությունները եւ տեղական իրողությունները խոչընդոտեցին դրան: Եվ ղարաբաղյան հիմնախնդիրը, որը թվում էր, թե հեշտ լուծելի հարց է, այդ պատճառով չկարգավորվեց: Բացի այդ, այնքան էլ հուսադրող չեն անցած շաբաթ` մամուլի ասուլիսի ժամանակ, Ֆիլիպ Գորդոնի` ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ արած հայտարարությունները: Սակայն կարեւոր էր, որ նա ասաց, թե գիտի թուրքական տեսակետն, ըստ որի Հայաստանի հետ հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները շաղկապված են: Այդ խոսքերը վկայում են այն մասին, որ Միացյալ Նահանգները, եթե անգամ հավանություն չի տալիս դրան, ընդունում է երկու գործընթացների փոխկապակցվածությունը: Ուղղակի թե անուղղակի` այդ կապն արդեն ներկայացվում է որպես արդի իրողություն: Իսկ սփյուռքի` ցեղասպանությանն առնչվող նախաձեռնություններն արդի իրողությունների հետ որեւէ կապ չունեն. դրանք հիմնականում ենթադրություններ են: Կարճ ասած` Միացյալ Նահանգներն իրականում գիտի, որ „մեծ խաղը“ Կովկասում է ընթանում եւ հանուն հայկական սփյուռքի` այս տարածաշրջանում չի վտանգի իր շահերը: Թուրքիան նույն իրողությունների հետ դեմ-հանդիման լինելու պատճառով հանդիսավոր կերպով չի պատռի եւ մի կողմ չի նետի հայ-թուրքական արձանագրությունները: Միայն թե սխալ կլինի, եթե ամերիկյան վարչակազմը „ապրիլքսանչորսյան զգուշացումներով“ փորձի արագացնել արձանագրությունների վավերացման գործընթացը խորհրդարանում: Դա ավելի շատ վնաս կարող է բերել, քան օգուտ»: Հոդվածը թարգմանվել է «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից.

No comments: