News.am. 8-12-2009- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ կայացած հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ նախագահի հետ իր ունեցած քննարկումներին։ Տարածաշրջանային եւ միջազգային նշանակության տարբեր խնդիրների շարքում քննարկվել է նաեւ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունների վավերացման խնդիրը։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունների հետ կապված՝ նշել է. «Մենք ԱՄՆ նախագահի հետ քննարկեցինք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս գործընթացում Մինսկի եռյակի ջանքերը պետք է ավելացվեն։ Այս գործը ինչքան հետեւողական արվի, այնքան հարաբերությունների կարգավորման գործընթացը կհեշտանա։ Մենք շատ ենք կարեւորում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Ղարաբաղի խնդրում Մինսկի խմբի պարտականությունը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման արձանագրությունները ուղարկել ենք խորհրդարան։ Ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում ոչ մի նախապայման չկա։ Սակայն խորհրդարանում վավերացվելը, իհարկե, պայման է։ Այն խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի օրակարգում է։ Դա իհարկե կապված է կատարվելիք տարբեր քայլերի հետ։ Մենք գտնվում են ժողովրդավարական խորհրդարանական համակարգի մեջ, եւ իհարկե չենք կարող խորհրդարանի վրա ճնշում գործադրել։ Սակայն Մինսկի խմբի կողմից Ղարաբաղի հարցում կարեւոր քայլ անելուց հետո՝ այս գործընթացը կարագանա։ Ես այստեղ մեծ խնդիր չեմ տեսնում։ Մենք սա կողմերի մոտ էլ նկատեցինք։
Այսինքն այս գործընթացը արագացրեք եւ վերջացրեք։ ՄԱԿ-ի կողմից կայացված որոշումն էլ կա։ Եւ ամենը այդ որոշման շրջանակներում լուծելու ընթացքում՝ միաժամանակ կլուծեք նաեւ Թուրքիա-Հայաստան խնդիրը։ Սրանք միմյանց հետ կապված են։ Մեկը չլուծելու դեպքում՝ մյուսի լուծումը դժվար կլինի»,-ասել է Թուրքիայի վարչապետը։
Tuesday, December 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment