Դեկտեմբերի 5-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան ժամանած Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետնախարար Անվար Գարգաշի գլխավորած պատվիրակությանը:
Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի և Էմիրությունների միջև համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է, ինչի մասին են վկայում վերջերս ակտիվացած բարձր մակարդակի փոխայցելությունները, էմիրաթցի գործարարների աճող հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ: Էդվարդ Նալբանդյանի խոսքերով՝ Էմիրությունները մերձավորարևելյան տարածաշրջանում Հայաստանի կարևոր առևտրատնտեսական գործընկերն է, և Հայաստանը շահագրգիռ է առավել ամրապնդել և խորացնել առկա հարաբերությունները:
ԱՄԷ արտաքին գործերի պետնախարար Անվար Գարգաշը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ընդգծեց, որ իր երկիրը մտադիր է ընդլայնել համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ և արդեն իսկ կոնկրետ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ:
Կողմերը հանգամանորեն քննարկեցին բազմաթիվ բնագավառներում փոխգործակցության, միջազգային կազմակերպություններում համագործակցության հետ կապված հարցեր, կարևորեցին Հայաստանի և Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացումը, ինչը հնարավորություն կընձեռի պարբերաբար քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային նշանակության հարցեր: Շեշտվեց, որ պետությունների միջև առկա է տնտեսական ու մշակութային համագործակցության ընդլայնման լուրջ ներուժ:
Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը ողջունում ու աջակցում է Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ գյուղատնտեսության, քիմիական արդյունաբերության, շինարարության, ոսկերչության և այլ բնագավառներում էմիրությունների ներդրողներին:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արևելքում անվտանգության ապահովման և ամրապնդման խնդիրների շուրջ:
ԱՄԷ պետնախարարը Էմիրությունների աջակցությունը հայտնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Անվար Գարգաշը նախարար Նալբանդյանին ներկայացրեց մերձավորարեւելյան կարգավորման ներկա վիճակը: Այդ ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանն, աշխարհաքաղաքական առումով մոտ լինելով մերձավորարեւելյան տարածաշրջանին, մեծապես շահագրգիռ է այնտեղ խաղաղության ու կայունության հաստատմամբ:
Էդվարդ Նալբանդյանը Անվար Գարգաշին տեղեկացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումների մասին, ինչի կապակցությամբ ԱՄԷ պետնախարարն ասաց, որ իր երկիրը սատարում է միջազգային իրավունքի շրջանակներում հիմնախնդրի խաղաղ կարգավորումը:
Հանդիպումից հետո նախարարները ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարում համագործակցության մասին: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից։
Monday, December 7, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment