Thursday, March 10, 2011

ՉԱՋԱԿՑՎԵԼՈՒ ՍԱՐՍԱՓԸ

«Լրագիր» 10-3-2011- Փետրվարի 28-ին Երեւանի պետհամալսարանում Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի ելույթից հետո իշխանական համակարգն ակնհայտորեն անհանգստացած է: Դրա մասին է վկայում այն, որ վերջին օրերին իշխանական քարոզչությունն իր բազմապիսի խողովակներով սկսել է նոր լույսի ներքո ներկայացնել արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, դրանք ավելի ու ավելի վերագրելով Միացյալ Նահանգների “մատին”, իսկ արաբ ժողովրդին էլ ավելի ու ավելի ներկայացնելով որպես ամերիկյան շահի զոհ:
Դրա նպատակը շատ պարզ է ու հստակ. իշխանությունն իր քարոզչական խողովակների միջոցով ցանկանում է Հայաստանի հասարակության մոտ առաջացնել այն մտայնությունը, որ եթե որեւէ երկրում տեղի է ունենում որեւէ զանգվածային շարժում, ապա դա ժողովրդի հետ որեւէ կապ չունի, այլ ժողովրդին ընդամենը դարձնում են ամերիկյան շահի գործիք: Իսկ դրա նպատակն էլ այն է, որ հասարակությունը, Հայաստանի քաղաքացիները, ձեռնպահ մնան զանգվածային բողոքի միջոցառումներին մասնակցելուց, քանի որ “իրենք դրանից քյար չունեն”, ըստ իշխանության տրամաբանության:

ԱՄՆ դեսպանի ելույթն իշխանության համար դիտվում է այդ մոտեցումները քաղաքացիներին ներշնչելուն ծառայող հիանալի փաստարկ: Բայց այստեղ կա մի խնդիր: Դեսպան Յովանովիչը թերեւս կանխատեսելով, թե իր ելույթն ինչ արձագանք է ստանալու իշխանության մոտ եւ թե ինչպես է իշխանությունը այդ ելույթը փորձելու օգտագործել թե ԱՄՆ-ի, թե Հայաստանի քաղաքացիների դեմ, բավական ուշագրավ ներառում էր կատարել ելույթի մեջ: Նա նշել էր, որ այն, ինչ ինքը խոսում է, ասել է նաեւ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 20-ամյակի հանդիսությանն ունեցած ելույթի մեջ: Այսինքն, դեսպան Յովանովիչը հստակ նշում է, որ ինքը որեւէ նոր կամ արտառոց բան չի ասում, չի ասում որեւէ բան, որ հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին, այլ ասում է, այն, ինչ Սերժ Սարգսյանը:

Իշխանական համակարգն իրականում պետք է իրար խառնված լիներ ոչ թե ԱՄՆ դեսպանի, այլ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո: Բայց ըստ երեւույթին Սերժ Սարգսյանի ելույթը լուրջ չեն ընդունել, համոզված լինելով, որ դրանում արտահայտված դրույթները, բարեփոխումների հավաստիացումները եւ կոռուպցիայի ու կաշառակերության դեմ վճռական պայքարի պնդումներն ընդամենը ձեւականություն են, հասարակական սպառման քարոզչական ապրանք: Սերժ Սարգսյանն էլ իր ելույթից հետո անցած ժամանակահատվածում այդ ելույթը գործով ամրագրելու, գործի վերածելու ուղղությամբ չանելով որեւէ լուրջ քայլ, կարծես թե հաստատել է իշխանական համակարգի այդ անլուրջ ընկալման իրավացիությունը:

Իսկ ահա ԱՄՆ դեսպանի պարագայում համակարգը մտահոգվել է լրջորեն: Եվ պատճառն այստեղ այն չէ, որ ԱՄՆ “դավադիր” ուժը բավական մեծ է եւ կարող է ցանկության դեպքում Հայաստանում իշխանություն փոխել: Այստեղ խնդիրը բոլորովին այլ է: Հայաստանի իշխանական համակարգն իր լեգիտիմությունն ու անվտանգությունը որոնում է արտերկրում, ոչ թե սեփական քաղաքացիների աջակցության մեջ: Հետեւաբար երբ արտերկրից ստանում է այնպիսի մեսիջներ, որոնց առումով փոքր ինչ կասկած կա, որ օրինակ ԱՄՆ կարող է այլեւս չաջակցել իրենց, իշխանությունն արդեն լուրջ վտանգ է զգում իր ապագայի համար, անկախ ԱՄՆ գործողություններից:

Հայաստանի իշխանական համակարգը շատ լավ է պատկերացնում իր վիճակն ու գիտե, որ Հայաստանում արտաքին որեւէ ուժ չունի որեւէ գործողություն ծրագրելու կամ իրականացնելու կարիք: Բավական է ընդամենը, որ պարզապես չաջակցեն Հայաստանի իշխանությանը, ու այն չի կարող այլեւս գլուխ հանել տնտեսա-քաղաքական, հասարակական այն խնդիրների ծանրությունից, որ առկա է Հայաստանում:

Չաջակցվելն է Հայաստանի իշխանական համակարգի մտահոգությունը: Դրա համար էլ փորձում են ինտենսիվացնել հանրությանն այն մտայնությունը ներշնչելու գործը, որ ոչ մի ընդվզումից էլ հասարակությունը օգուտ չի ունենա, ժողովուրդը չի շահի, այլ կշահեն միայն օտար ուժերը: Գիտեն, որ եթե արտաքին աջակցություն չլինի, հասարակության դժգոհության դեմ արդեն նույնիսկ բիրտ ուժը չի օգնի:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: