Tuesday, December 8, 2009

Օբաման եւ Էրդողանը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

«Ազատություն» 8-12-2009- Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երեկ ուշ երեկոյան Սպիտակ տանն ընդունել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին։ Հանդիպման ընթացքում երկու ղեկավարները անդրադարձել են նաեւ հայ-թուրքական երկխոսությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Սպիտակ տան մամլո ծառայության փոխանցմամբ, նախագահ Բարաք Օբաման հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասել է, որ ինքը ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման խնդրում վարչապետ Էրդողանի կատարած խիզախ քայլերը եւ հորդորել է առաջ շարժվել այդ ուղղությամբ։ Վարչապետ Էրդողանն ասել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները չափազանց կարեւոր են հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում։ «Մենք քննարկել ենք Մինսկի խմբի գործունեությունը, խոսել ենք այն մասին, թե ինչ կարող են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանն անել բանակցություններին նոր լիցք հաղորդելու համար։ Դա շատ դրական կազդի ամբողջ գործընթացի վրա, որովհետեւ հայ-թուրքական կապերի բարելավումը էական առնչություն ունի այդ հարցերի հետ»,- ասել է Ռեջեփ Թայիբ Էրդողանը։ Երեկվա հանդիպման օրակարգում առանցքային հարցերից էին Աֆղանստանի իրավիճակը եւ Իրանի միջուկային ծրագրի թեման։ Օբաման ասել է, որ Թուրքիան կարեւոր դերակատար է Իրանի հետ կապված խնդիրներում։ Էրդողանն, իր հերթին, ասել է, որ Անկարան պատրաստ է ամեն կերպ նպաստել Իրանի միջուկային խնդրի դիվանագիտական կարգավորմանը։ «Ռոյթրը» նշում է, որ երկու ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել մերձավորարեւելյան քաղաքականության եւ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցերի շուրջ Վաշինգոնի եւ Անկարայի միջեւ առկա ակնհայտ տարաձայնությունների ժամանակաշրջանում։

No comments: