/PanARMENIAN.Net/ 24.12.2009 - Միխայիլ Սահակաշվիլիի հայտարարությունն այն մասին, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար հարկավոր է հարգանքով վերաբերվել Ադրբեջանի պետական ինքնիշխանությանը, վկայում է այն մասին, որ Վրաստանի նախագահը պատկերացում չունի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մասին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի Ազգային նոր պահպանողական շարժման առաջնորդ Էդուարդ Աբրահամյանը:
«Բանը նրանում է, որ հայկական կողմը երբեք կասկածի տակ չի դրել Ադրբեջանի ինքնիշխանությունը, թեեւ մենք դրա համար շատ հիմքեր ունենք: Խոսքն առաջին հերթին գնում է Ադրբեջանի արմատական ժողովուրդների մասին, որոնց փաստացիորեն արգելված է արտահայտել իրենց կամքն այդ երկրի պետական ինքնիշխանության վերաբերյալ: Անդրկովկասյան թուրքերը, այսինքն ներկայիս ադրբեջանցիները, օկուպացրել են այդ երկրի իշխանությունը եւ այժմ ձուլման ու Ադրբեջանի արմատական ժողովուրդներին երկրից վտարելու քաղաքականություն են վարում»,- հայտնեց նա:
«Ինչ վերաբերում է ԼՂՀ պետական ինքնիշխանության հանդեպ Ադրբեջանի դիրքորոշմանը, ապա պետք է նշեմ, որ պաշտոնական Բաքուն միանգամայն արհամարական վերաբերմունք է ցուցադրում Ղարաբաղի հայության կամքի ազատ արտահայտման նկատմամբ, ովքեր ԽՍՀՄ փլուզման ժամանակ որոշեցին սեփական անկախ պետությունը ստեղծել: Ընդ որում, իրենց նպատակին հասնելու համար Ղարաբաղի հայերը հիմնվեցին բացառապես ԽՍՀՄ գործող օրենսդրության ու միջազգային իրավունքի վրա: Այնպես որ այսօր Սահակաշվիլին պետք է խոսի ԼՂՀ պետական ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի անհարգալից վերաբերմունքի մասին եւ ոչ թե հակառակը»,- ասաց Հայաստանի նոր պահպանողականների առաջնորդը:
Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա հայ-թուրքական բանակցությունների ազդեցության մասին Սահակաշվիլիի «գաղափարների» մասին` Աբրահամյանը խորհուրդ տվեց դիմել պրոֆեսիոնալ գաղտնագրին, որպեսզի նա բացահայտի Վրաստանի նախագահի հետեւյալ արտահայտությունը. «Որպեսզի բարելավում լինի, դրա համար, ես կարծում եմ, որ երկրները պետք է խոսեն, ժողովուրդները պետք է հաղորդակցվեն, ուստի այդ իմաստով այն, որ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ բանակցությունները այդ ամենի հետ մեկտեղ, որ, իհարկե, հարկավոր է համակարգել Ադրբեջանի հետ»:
Friday, December 25, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment