Thursday, December 10, 2009

ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆԸ ՑԱՆԿՈւԹՅՈւՆ ՈւՆԻ՞ ՇՏԿԵԼՈւ ԵՐԿՐԻ ԿՈՌՈւՊՑԻՈՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Report.am- 9-12-2009-«Հայ-թուրքական» հարաբերությունների և ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հարցեր խնդրում եմ չլինեն»,-«Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսն այս խնդրանքով սկսեց Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի տեղակալ Կարել Հոֆսթրան, ով լրագրողների հետ հանդիպման եկել էր` ներկայացնելու Հայաստանի կառավարության հետ միջազգային կառույցի հակակոռուպցիոն ծրագրերն ու դրանց արդյունքները: Իսկ կոռուպցիայի դրսևորման ձևերից մեկին պարոն Հոֆսթրան ծանոթացել է անձնական օրիանակով. Աբովյան փողոցում գտնվող ժամանակավոր բնակարանում հայտնված տեղամասային ոստիկանի «Իսկ ի՞նչ անենք» հարցը ԵԱՀԿ ներկայացուցչի խոսքով, իրեն ստիպեց հասկանալ ոստիկանի նպատակը և կոռուպցիայի դրսևորման ձևերը: ԵԱՀԿ ներկայացուցչի խոսքով, իրենց կառույցն ընթացիկ հաշվետվություններ է անում, սակայն միջազգային որևէ կառույց չի կարող հակակոռուպցիոն կտրուկ փոփոխություններ կատարել: «Պետք է հասարակությունը փոխվի, որ փոխվի կոռուպցիայի ներկա վիճակը». ՀՀ վարչապետի այս կարծիքի հետ համամիտ է նաև Կարել Հոֆսթրան. «Համամիտ եմ այնքանով, որ այն անձինք, ովքեր կարող են ինչ-որ քայլեր ձեռնարկել, ապա չձեռնարկելն ամոթ կլինի: Ես անկեղծորեն մտածում եմ, որ կառավարությունը ցանկություն ունի շտկել կոռուպցիայի ներկա իրավիճակը: Սակայն այդ ամենի դատողությունները մենք պետք է տեսնենք կոնկրետ արդյունքներով, իսկ մինչ այդ պետք է վարել ճիշտ հակակոռուպցիոն ռազմավարություն, որը ենթադրում է նախարարություններում մի շարք օրենսդրական ակտերի փոփոխություն»: Կարել Հոֆսթրան դրական է վերաբերում նաև վարչապետի նշած հակակոռուպցիոն նոր կառույցի ձևավորմանը. «Որքան շատ շերտեր զբաղվեն, այնքան վերահսկողությունը ճիշտ կիրականացվի»: ԵԱՀԿ ներկայացուցիչը նշեց, որ քաղաքական կոռուպցիան կոռուպցիայի վառ արտահայտված մի տեսակ է, սակայն այդպես էլ չկարողացավ իր` Հայաստանում գտնվելու ժամանակ որևէ պաշտոնյայի անուն հիշել, որը պատժվել է կոռուպցիոն գործունեության համար: Նշենք, որ դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր է ճանաչվել 2003 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ, որի նպատակն է «կոռուպցիա» հասկացության մասին հանրության իրազեկության մակարդակի բարձրացումն ու կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի համաձայնագրի դերի մեծացումը: ԱՆԱՀԻՏ ԱՍԱՏՐՅԱՆ

No comments: