Thursday, December 10, 2009

ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«Լրագիր» 9-12-2009- Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առիթով մենք` Հայաստանում գործող իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, խորը մտահոգություն ենք հայտնում Հայաստանում իրավապահ մարմինների, դատական համակարգի, արդարադատության իրականացման խնդիրների առնչությամբ: Ցավով նշում ենք, որ 2009 թ.-ին իրավապաշտպանների կողմից գրանցվել են մի շարք դեպքեր, երբ տեղի են ունեցել խոշտանգումներ, ուժի կիրառման միջոցով կորզվել են ցուցմունքներ, դիտարկվել են արդար դատաքննության խախումներ: Որպես վառ դրսևորում ցանկանում ենք նշել 2008թ. մարտի 1-2 իրադարձությունները և դրանց հետևող գործընթացները: Մինչ այժմ չբացահայտված են մնում 2008թ. մարտի 1-ի երեկոյան իշխանությունների կողմից ուժի կիրառման հետևանքով տասը քաղաքացիների սպանության հանգամանքները և պատասխանատու անձինք: Այսինքն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից 1609, 1620, 1643, 1677 Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձևերը դեռևս լիարժեք չեն կատարվել: Այսօր ազատազրկման վայրերում շարունակում են մնալ թվով մեկ տասնյակից ավել քաղբանտարկյալներ: Մենք` Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում և Հայաստանի Հանրապետության իշխանություններից պահանջում ենք` 1. ներկայացնել մարտի 1-ին տասը քաղաքացու սպանության հանգամանքների բացահայտման ուղղությամբ իրականացված գործողությունները 2. շուտափույթ բացահայտել տասը քաղաքացու սպանության հանգամանքները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին` վերջ դնելով անպատժելիության մթնոլորտի խորացմանը: 3. անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին` ստեղծելով առանց քաղաքական հետապնդումների երկիր: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ Transparency International հակակոռուպցիոն կենտրոն Հայաստանի հելսինկյան կոմիտե Հայաստանի հելսինկյան ընկերակցություն Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Հայաստանյան Կոմիտե Ընդդեմ իրավական կամայականության Իրավունքի և ազատության կենտրոն

No comments: