Thursday, January 7, 2010

Գարեգին Երկրորդի պատգամը Սուրբ Ծննդյան տոնի առիթով

«Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Զի այնպէս սիրեաց Աստուած զաշխարհ, մինչև զՈրդին իւր Միածին ետ. զի ամենայն, որ հաւատայ ի Նա` մի կորիցէ, այլ ընկալցի զկեանս յաւիտենականս (Հովհ. Գ 16) »: Սիրելի բարեպաշտ ժողովուրդ. Մեր հոգիներն այսօր ցնծում են Սուրբ Ծննդյան ավետիսով և լի են օրհներգությամբ` ընդունելու խանձարուրով փաթաթված և մսուրի մեջ դրված Մանկանը, որ ծնվեց Բեթղեհեմում: Աստծո Որդին է, որ մարմնացավ, խոստացյալ Փրկիչն է, որ աշխարհ եկավ: Եկավ փրկելու մեզ մեղքից, ազատելու չարի իշխանությունից, կործանելու մահը: Անսպառ է մեր ուրախությունը, Փրկիչ մեր Տերը պարգևել է մեզ նորոգված հոգի, վերածնված կյանք, որ ընթանանք դեպի Աստված, դեպի Արարիչը կյանքի, «Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր Միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ. Գ 16): Աստծո սիրո և ողորմության խորհուրդն է այսօր հսկում աշխարհը` վեր անցողիկ ունայնություններից, վեր ժամանակից: Ամեն ինչ խոնարհված է այս անսահման սիրո առջև` մարգարեական խոսքի համաձայն` ձորերը լցված են, լեռներն ու բլուրները` ցածրացած, դժվարին տեղերը` դյուրին դարձած, առապարները` դաշտեր, և թագավորում է փրկության շնորհը (Եսայի Խ 4), որ աշխարհ մտավ Մանուկի հետ: Ճշմարիտ նույն սիրով, որով աշխարհ եկավ Քրիստոս, համախմբեց իր ժողովրդին, որ լինեն Աստծո որդիներ, արքայության զավակներ: Իր ընտանիքը` Սուրբ Եկեղեցին, Քրիստոս հաստատեց սիրո պատվիրանի վրա, հրաշագործ այն զորության, որով մարդիկ միմյանց օտար չեն, այլ` յուրային: «Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն եք» (Հովհ. ԺԳ 35),- ասում է մեր Տերը: Ում մեջ սեր կա, նա հետևորդ է Աստծո, նա կատարում է Աստծո փրկարար կամքը: Աստծո և միմյանց հանդեպ սերն է, որ խաղաղություն և համերաշխություն պիտի բերի բազում տագնապներով ապրող այս աշխարհին, բացառի մարդկանց, ազգերի իրավունքների ոտնահարումը, նրանց սրբությունների և հոգևոր արժեքների կործանումը: Այդպիսի սիրով պիտի հաղթահարվեն չքավորությունը, հիվանդությունները, աղետների պատճառած հոգսերն ու վնասները: Այդպիսի սիրո լույսով աշխարհը պիտի նորոգվի, երկիրը երկինք դառնա, մարդկային կյանքով Աստված փառաբանվի: Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Քրիստոս այսօր աստվածային իր սիրով գալիս է բնակվելու մեր սրտերում, մեր ընտանիքներում, որպեսզի փրկության շնորհները ընտանեկան հարկերից սփռվելով` փոխանցվեն կյանքին և առատ ու բարի արգասիքներ պարգևեն: Ընտանիքում են խնամվում և զորանում հավատքը, հույսն ու սերը, որոնցով ընտանեկան ազատ, ջերմ ու հարազատ միջավայրում մարդը աճում ու զարգանում է դեպի բարին ու կատարյալը: Աստված կազմեց և օրհնեց ընտանիքը, որ այն հաստատված մնա, աճի և բազմանա սիրո մեջ և արտացոլի Աստծո փառքը, Աստծո ներկայությունը և Աստծո խնամքը արարչության և բոլոր մարդկանց հանդեպ: Ընտանիքը կոչված է շարունակելու Աստծո արարչագործությունը և պաշտպանելու մարդկային հոգու աստվածապատկեր նկարագիրը: Իր այս կոչումով ընտանիքը սուրբ է, սնուցողը, կրողն ու փոխանցողը աստվածադիր պատվիրանների, որոնց վրա հաստատվում է կյանքը Տերունապարգև և կառուցվում են հարաբերությունները դեպի մերձավորը, առ մարդը և առ Աստված: Ընտանիքներում սերմանվող արժեքներն են, որ դրսևորվում և տեղ են գտնում կյանքի մեջ: Ինչը կկարևորվի ընտանիքներում, կուսուցանվի ուղղակի կամ անուղղակի միջոցներով` ազնվություն, թե կեղծիք, նախանձ, թե` բարի կամեցողություն, ատելություն, թե` գթասրտություն, չարախնդություն, արհամարհանք, թե` կարեկցություն ու մարդասիրություն, ամենը կարտահայտվի նաև հասարակական կյանքում: «Ժողովուրդը, եթե առաջադիմում է, իր առաջին քայլը ընտանեկան սրահից է առնում, - գրում է Խրիմյան Հայրիկ Հայոց Հայրապետը և շարունակում,- եթե լուսավորվում է, իր լույսն իր ընտանեկան ճրագից է, եթե միանում է, իր ոգին ու կապը ընտանիքն է, եթե զորանում է` իր ուժն ու բազուկը ընտանիքն է, եթե հարստանում է` իր գանձարանն ու գանձապետը ընտանիքն է, եթե իր տունն ու սեղանը բարելից ու առատ է` արդյունաբեր անդաստանն ընտանիքն է»: Այսօր արդի կյանքի առաջընթաց զարգացումների և ձեռքբերումների պայմաններում, դժբախտաբար, շարունակում են աճել ընտանիքների առջև ծառացող խնդիրները: Մտահոգություն են մնում ոչ միայն նյութական դժվարությունները, այլև ընտանիքում տեղ գտնող բռնություններն ու անհասկացողությունները, ընտանեկան սրբության, ընտանիքում անդորրի ու համերաշխության պահպանումը: Այսօր կյանք է ներթափանցում, նույնիսկ երբեմն օրենքներով հաստատագրվում ընտանիքի խեղված ընկալումը: Եղծվում է այր և կնոջ ամուսնական սուրբ միության աստվածահաստատ կարգը և աստվածաշնորհ սիրով որդեծնությամբ երջանկանալու պատիվը: Մենք չենք կարող ընդունելի համարել և անտարբեր մնալ աստվածամերժ այս իրողությունների հանդեպ, որքան էլ արդիականությամբ հանդերձավորվեն և ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների անվան ներքո հանդես գան: Այսօր անհրաժեշտ է, որ ընտանիքը, ինչպես և մարդը, արժևորվի և գնահատվի իր աստվածապարգև կոչման ու պատկերի մեջ, լինի և մնա ճշմարիտ վկայողը մարդկանց հանդեպ Աստծո սիրո: Սիրելի բարեպաշտ ժողովուրդ հայոց ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս, Աստծո ընտանիքի անդամներն ենք և մենք, զավակներս Էջմիածնակնիք հայ ժողովրդի: Դարերի ընթացքին մեր պատմության մահաբեր հողմերին ու խորշակներին հանդիման կանգուն ենք մնացել հավատավոր կյանքով հայ ընտանիքի: Եկեղեցիացած մեր փոքրիկ տունն է հայ ընտանիքը, որի աղոթքով ամրանում է աննյութական շաղախը մեր հոգևոր և ազգային կյանքի և հիմքը` մեր պետության: Հայ ընտանիքը առաջին դպրոցն է և հոգեկերտ արժեքների առաջին սնուցողը: Հայ ընտանիքը փոքրիկ հայրենիք է, ուր ապրում են նախնյաց հիշատակները, և անկորուստ պահպանվում հայրենի ժառանգությունը, ուր երջանիկ է և հավերժում է հայ հոգին: Հավատքով ամուր, հույսով աննվազ և սիրով զորացյալ պահենք մեր ընտանիքները, որպեսզի Տիրոջ փրկության շնորհով նորոգյալ ու պայծառ լինի միասնական կյանքը հոգևոր մեր մեծ ընտանիքի` Հայ Եկեղեցու, որպեսզի օրհնությամբ առատ` մարմին առնեն իղձերն ու ձգտումները մեր մեծ տան` հայոց Հայրենիքի: Հայրենիքը մեր հույսերի խարիսխն է, ազատ, ապահով, բարեշեն կյանքի, մեր գալիքի երաշխիքն է, ազգս համախմբող աստվածապարգև մեր տունը: Տան մեջ սերը ինքնաբուխ է, օրենք է համերաշխությունը, իշխող է ցանկությունը միմյանց օգնելու, բնական` միմյանց տխրությամբ տխրելը, ուրախությամբ ուրախանալը: Այս է ճանապարհ օրհնյալ, սիրելիներ, որով պիտի կառուցենք մեր բարօր կյանքը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, դիմագրավենք ներքին և արտաքին մարտահրավերները, պաշտպանենք Արցախի ինքնորոշման իրավունքը, մեր արդար Դատը, միասնաբար բարվոք ուղիներով կառուցենք հարաբերությունները բոլոր երկրների, բոլոր ժողովուրդների հետ` մեր ավանդը բերելով ավելի լավ աշխարհ կառուցելու ջանքերին: Այս է, ճանապարհ օրհնյալ, որով արժանի պիտի լինենք հասնելու երկնային մեր տունը` Հայր Աստծո մոտ` շնորհով Միածին Որդու և առաջնորդությամբ Սուրբ Հոգու: Մնանք հավատքով, հույսով ու սիրով, «Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր Միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ. Գ 16): Մեր Տիրոջ և Փրկչի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի հոգենորոգ առիթով Քրիստոսավանդ սիրով եղբայրական Մեր մաղթանքն ենք հղում և Սուրբ Հոգու առատ շնորհները հայցում Քույր Եկեղեցիների հոգևոր պետերին, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութա‎‎ֆյանին: Հայրապետական Մեր օրհնությունն ու սերն ենք բերում մեր Եկեղեցու ուխտապահ հոգևոր դասին և ի սփյուռս աշխարհի համայն մեր ժողովրդին: Սուրբ Ծննդյան ավետիսով և Բարձրյալի զորակցության հայցով Մեր ողջույնն ենք բերում Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Սերժ Սարգսյանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ողջ ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին: Ավետաբեր ու շնորհառատ այս օրը, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, աղոթենք, որ Բեթղեհեմյան աստղալույսի երկնային անմար փարոսը լուսավորի մեր ուղին և փարատի խավարները, և Տերը մեր Քրիստոս, ամեն ժամ առաջնորդի և օրհնի աշխարհը համայն, մեր կյանքը ու ջանքերը բոլոր` հանուն մեր երկրի, աշխարհասփյուռ մեր ժողովրդի և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու: Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ Ձեզ և մեզ մեծ աւետիս»,- Ամենայն Հայոց Կաթողիկոսի Գարեգին Երկրորդի պատգամը Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով:

No comments: