Friday, January 8, 2010

ՀԻՇԵԼՈՎ ՄԱԿՈՆԴՈՆ

«Լրագիր» 8-1-2010- Թերեւս այդքան էլ հուսադրող չէ, որ 2010 թվականը սկսել է մարզական անհաջողություններով: Բանն այն է, որ 2009 թվականին Հայաստանի համար հաջողության միակ կղզյակը կարծես թե մարզաշխարհն էր: Ու երբ նոր տարին այն դիմավորում է պարտություններով, դա այդքան էլ հուսալի չէ: Շախմատի աշխարհի առաջնությանը` թուրքական Բուրսա քաղաքում, ուր հայկական ֆուտբոլն էլ պարտվեց, Հայաստանի օլիմպիական չեմպիոն հավաքականը առաջին խաղում պարտվեց Ադրբեջանին: Այդ մասին տեղեկացնող “Շանթ” հեռուստաընկերության մեկնաբանը հետո շատ երկար թվարկում էր այն բոլոր տարեթվերը, երբ Հայաստանի շախմատի հավաքականը հաղթել է Ադրբեջանին: Կարծես թե մեկնաբանը փորձում էր այդ պատմական հիշեցումների մեջ խեղդել պարտության մասին տեղեկությունը: Իշխանական քարոզչությունը քաղաքական նկատառումներով այնքան է ֆետիշացնում մարզական ցանկացած հաջողություն, ցանկացած հաղթանակ, որ հետո երբ պարտություն է լինում, արդեն չգիտեն, թե այն ինչպես ներկայացնեն: Մինչդեռ դրա համար պետք է իմանալ մի պարզ բան` հաղթանակն էլ, պարտությունն էլ մարդու համար են: Հայաստանի “Հատիսը” եվրոպական մրցաշարի շրջանակում Երեւանում պարտվեց ռուսական “Նադեժդային”: Հույսն իհարկե հաղթեց (մեր սփյուռքահայ հայրենակիցների համար նշեմ, որ նադեժդա ռուսերեն նշանակում է հույս), բայց ցավոք սրտի ոչ մեր հույսը: Թեեւ մյուս կողմից գաղտնիք չէ նաեւ, որ հայերի հույսը շատ դեպքերում հենց Ռուսաստանն է: Եթե 2010 թվականին Ռուսաստանի տնտեսությունը աշխուժության նշաններ ցուցաբերի, եթե արագ վերականգնվի, ապա Հայաստանի տնտեսությունն էլ շատ արագ կզգա դրա արդյունքը: Իսկ եթե ոչ, ապա Հայաստանի տնտեսությունն անկասկած շարունակելու է զգալ Ռուսաստանի տնտեսության անկման հետեւանքը, որը 2009 թվականին արտահայտվեց ավելի քան 15 տոկոս տնտեսական անկմամբ, աղքատության առնվազն 3 տոկոս աճով, եւ արտաքին պարտքի մոտ կրկնակի ավելացմամբ: Բայց 2010 թվականին հույսը միայն Ռուսաստանը չէ: Հույսը նաեւ Թուրքիան է: Հայաստանում, երկրի ապագայի համար տարբեր աստիճանի, բայց գրեթե միեւնույն հավակնոտությամբ պատասխանատվություն ստանձնած հասարակական-քաղաքական շրջանակների մի մասը հույս ունի, որ Թուրքիան կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները ու դրանով կամրապնդի իրենց դիրքը Հայաստանի ներքաղաքական կյանքում: Մյուս մասը հույս ունի, որ Թուրքիան չի վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, ու դրանով իրենց դիրքը կամրապնդի ներքաղաքական կյանքում կամ կթուլացնի նրանց դիրքը, ովքեր հույս ունեն, որ Թուրքիան կվավերացնի: Այդ պարզունակ տրամադրությունը Հայաստանի ներքաղաքական դաշտում իշխեց ամբողջ 2009 թվականի ընթացքում, եւ հավանաբար նույնը կլինի նաեւ 2010 թվականին: Նույնը կլինեն նաեւ նոր ուժի, նոր գաղափարի, նոր շարժման, նոր ընդդիմության, եւ էլի շատ նոր բաների մասին խոսակցությունները, բայց իրականությունը թերեւս կմնա նույնը, քանի դեռ որեւէ ուժ կամ ուժի որեւէ հավակնորդ սեփական հաջողության առաջնային եւ կարեւոր գրավական կհամարի ոչ թե սեփական միտքը, խոսքը, գործունեությունը, այլ դիմացինի անհաջողությունը եւ տապալումը, կամ գոնե դրա մասին հնարավորինս շատ խոսելը: Այդպես էր 2009 թվականը, ու կարծես թե որեւէ հիմք չկա ասելու, որ 2010 թվականը կարող է այլ լինել, այն էլ դրական իմաստով այլ: Իսկ ցուլին վագրն է փոխարինում, եւ վագրը մետաղական է, պլաստմասե, թե ռետինե, դա արդեն որեւէ նշանակություն չունի: Դրանք պայմանականություններ են, իսկ քրիստոնեությունն առաջինը պետական կրոն ընդունած ժողովրդի համար` նույնիսկ կռապաշտություն: Ինչ կապ ունի, թե ինչ կենդանակերպի տակ է գալիս տարին, եթե “վերեւն Աստված կա”, ինչպես որ գրել էին իրենց քաղաքի դռանը Մակոնդոյի բնակիչները, որ դա չմոռանան հիշողության կորստի համաճարակի ժամանակ: Մեր ժամանակի համաճարակները այլ են` մեկ թռչնի գրիպ, մեկ խոզի գրիպ: Գուցե հիմա էլ վագրի գրիպ առաջանա: Բայց, անկախ համաճարակի բնույթից, քաղաքների դռներին թերեւս միշտ պետք է գրել այն, ինչ գրել էին Մակոնդոյում: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: