Monday, February 8, 2010

ՄԱԿ-ՈՒՄ ԽՈՍՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

«Լրագիր» 8-2-2010- Փետրվարի 3-ին Նյու Յորքում իր աշխատանքներն սկսեց ՄԱԿ-ի Սոցիալական զարգացման հանձնաժողովը: Նյու Յորքում ընթացող հանձնաժողովի 48-րդ նստաշրջանը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի պատվիրակությունը, նվիրված է սոցիալական ինտեգրման խնդրին, մասնավորապես` հաշմանդամների, երիտասարդության, ընտանիքի եւ ծերացման հարցերին: Փետրվարի 5-ին ՀՀ ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է 2008-2021թթ. համար Կառավարության կողմից մշակված Կայուն զարգացման ծրագրին, որի հիմնական մասն են կազմում աղքատության հաղթահարման եւ սոցիալական զարգացման խնդիրները: Ելույթում նշվեց այն հանգամանքը, որը ճգնաժամի հետեւանքով ՀՀ պետական բյուջեում կատարված կրճատումները չեն ազդել սոցիալական ոլորտի ծրագրերի վրա: Միջազգային կազմակերպությունների օգնությամբ 2009թ. Հայաստանում մշակվել է ծերացման հիմնահարցերին նվիրված ռազմավարություն եւ դրանից բխող գործողությունների ծրագիր: 2008-2012թթ. գործունեության միջոցառումների ծրագրում կառավարությունը նախատեսել է կենսաթոշակային բարեփոխումների իրականացում, որոնք պետք է ուղղված լինեն ինչպես կենսաթոշակների չափերի ամենամյա բարձրացմանը, այնպես էլ` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմամբ անձի եկամտի եւ կենսաթոշակի չափի միջեւ կապի հաստատմանը: ՀՀ պատվիրակությունը նաեւ տեղեկացրեց հանձնաժողովին, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սկսել է նախապատրաստական աշխատանքներ` հաշմանդամության գնահատման նոր, եվրոպական մոդելին անցնելու համար: Իրականացվել է իրավիճակի վերլուծություն եւ կարիքների գնահատում: Միջազգային կազմակերպությունների օգնությամբ Հայաստանում իրականացվել է «Ընտանիք» ինստիտուտի հետազոտություն, որից հետո 2009թ. սկսվել է «Ընտանիք»-ի հայեցակարգի մշակման ընթացակարգը: ՀՀ պատվիրակությունը խոսեց նաեւ Սպորտի եւ երիտասարդության նախարարության նախաձեռնությամբ մշակված «Մատչելի բնակարան երիտասարդների համար» ռազմավարություն-ծրագրի մասին, որի արդյունքում երիտասարդ ընտանիքներին պետութան կողմից տրամադրվելու է օգնություն բնակարան ձեռք բերելու հարցում: Հայաստանը հանձնաժողովում, ի թիվս մյուս անդամ-երկրների, միջազգային կառույցների հետ համագործակցությամբ վերահաստատեց ինչպես Կոպենհագենի սոցիալական գագաթաժողովի, այնպես էլ ՄԱԿ-ի հազարամյակի զարգացման նպատակների իրականացման հարցում իր վճռականությունը: ՄԱԿ-ի Սոցիալական զարգացման հանձնաժողովը ՄԱԿ-ի հիմնական մարմին հանդիսացող` Տնտեսական եւ սոցիալական խորհրդի ֆունկցիոնալ հանձնաժողովներից է: Այն իր օրակարգում ներառում է սոցիալական ոլորտին վերաբերող ամենաբազմազան թեմաները: 1995թ-ից սկսած Հանձնաժողովի հիմնական գործառույթներից է Կոպենհագենում կայացած սոցիալական զարգացման համաշխարհային գագաթաժողովի հռչակագրում եւ գործողությունների ծրագրում տեղ գտած դրույթների իրականացումը: Հայաստանը հանձնաժողովում ընտրվել է 2009-2012թթ. ժամանակահատվածի համար

No comments: