Wednesday, February 17, 2010

Քեմալ Գեքթաշ. Ոստիկանությունը գիտեր Հրանտ Դինքի սպանության մասին

/PanARMENIAN.Net/ 17.02.2010 - Ոստիկանությունը գիտեր Հրանտ Դինքի սպանության մասին, սակայն կանխարգելիչ ոչ մի միջոց չձեռնարկեց: Այդ մասին Ստամբուլի առաջին ատյանի 2-րդ դատարանում հայտարարել է «Vatan Daily» թերթի թղթակից Քեմալ Գեքթաշը: Փետրվարի 16-ին Դինքի սպանության գործով դատավարության ընթացքում, Գեքթաշը, որին դատի են տվել ոստիկանության գաղտնի փաստաթղթերը գաղտնազերծելու համար, հայտարարել է, որ, ըստ իր տեղեկությունների, Տրաբզոնի ոստիկանության դեպարտամենտն իրազեկել է Ստամբուլի ոստիկանության դեպարտամենտինին Դինքի սպանության մտադրությունների մասին: Իր «Հրանտ Դինքի սպանությունը` ԶԼՄ-ներ, դատական համակարգ ու պետություն» գրքում թուրք լրագրողը գրում է այն մասին, որ Ստամբուլի ոստիկանության դեպարտամենտն անտեսեց Տրաբզոնից հնչող զգուշացումները: «Հետախուզության ծառայության պետ Ռամազան Ակուրեկը եւ Ստամբուլի ոստիկանության վարչությունը քրեական գործ հարուցեցին իմ դեմ այդ փաստաթուղթը հրապարակելու համար: Փաստաթղթում ասվում է, որ Հրանտ Դինքը սպանվելու է եւ ապացուցվում է, որ ոստիկանությունը նախապես գիտեր դա: «Ակոսի» գլխավոր խմբագրի սպանությունը նախապատրաստող խումբը գլխավորում էր Յասին Հայալը»,-ասել է Գեքթաշը: Գեքթաշին 3-5 տարվա ազատազրկում է սպառնում, գրում է «Today`s Zaman» թերթը: Հրանտ Դինքին սպանել են 2007 թ. հունվարի 19-ին, Ստամբուլում, «Ակոս» թերթի խմբագրության առջեւ: Ավելի քան երկու տարի ձգվող դատավարությունից հետո մարդասպաններն այդպես էլ չդատապարտվեցին: Գործի քնության արդյունքում, նորանոր մանրամասներ են ի հայտ գալիս, մասնավորապես «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության մասնակցությունն այդ սպանությանը: Հրանտ Դինքին սպանել է 18-ամյա Օգյուն Սամասթը: Դատական նիստերից մեկի ժամանակ պարզվել էր, որ սպանության անմիջական պատվիրատուն միանգամայն այլ մարդ էր: Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիան լքեց Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, որին նույնպես սպառնում էին ֆիզիկական հաշվեհարդարով:

No comments: