Thursday, February 18, 2010

«ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԵՐՁԵՑՈՒՄԸ ՉԻ ԲԽՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՇԱՀԵՐԻՑ»

Հեյդար Ջեմալը Ռուսաստանի իսլամական կոմիտեի նախագա՞հն է, թե՞ Վաշինգտոնի փաստաբանը «ԱԶԳ, 18-02-2010- Ադրբեջանական «Դեյ.ազին» տված հարցազրույցում, ինչպես նշել է Նյու Յորքի Թուրքական կայքէջը, Ռուսաստանի իսլամական կոմիտեի նախագահ Հեյդար Ջեմալն ասել է, որ ԱՄՆ-ն գոհ չէ հայ-թուրքական մերձեցման առթիվ: Նա կարծիք է հայտնել, թե հայ-թուրքական մերձեցումը տարածաշրջանում կնպաստի Իրան-Թուրքիա համագործակցությանը, իսկ այս հեռանկարը մտահոգում է ամերիկացիներին: Այնուհետեւ Ջեմալը շարունակել է. «Որքան էլ եվրոպական շրջանակները որոշակի պաշտպանեն հայ-թուրքական մերձեցումը, ԱՄՆ-ն հազիվ թե կողմ լինի այդ մերձեցմանը»: Վերջում նա ավելացրել է. «ԱՄՆ-ն ձգտում է փոխել Հայաստանի վիճակը, որովհետեւ Կովկասում ՆԱՏՕ-ի ռազմաբազա տեղակայելու մտադրություն ունի: Այս ծրագրի իրագործման համար անհրաժեշտ են Հայաստան-Ադրբեջան բախումներ: Դա պատեհ առիթ կհանդիսանա ՆԱՏՕ-ի միջամտության համար, իսկ այդ դեպքում միջազգային հանրությունը չի առարկի ռազմաբազայի տեղակայմանը»: Հեյդար Ջեմալը իրարամերժ մտքեր է արտահայտում ինչպես հայ-թուրքական մերձեցման, եւ այդ մերձեցմանն ԱՄՆ-ի բացասական մոտեցման, այնպես էլ Կովկասում ՆԱՏՕ-ի ռազմաբազա տեղակայելու համար Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողություններ, այսինքնՙ նոր պատերազմ հրահրելու ամերիկյան մտադրությունների մասին: Հատկապես զավեշտական է այս ամենի պայմանավորումը Հարավային Կովկասում Հայաստանի վիճակը փոխելու, այսինքնՙ հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը խզելու նրա ենթադրությունները: Ակնհայտ է, որ համագործակցության խզման դեպքում Ռուսաստանն այլընտրանք չի ունենա, քան հեռանալ Հարավային Կովկասից: Այսպիսով, Արեւմուտքի գլխավոր թիրախը կդառնա Հյուսիսային Կովկասը: Դրա համար անհրաժեշտ է, որ ամերիկացիները դիրքերը ամրապնդեն Հարավային Կովկասում, թեկուզ դաշնակից Թուրքիայի միջոցով: Ինչո՞վ պայմանավորել Ջեմալի իրարարմերժ եւ զավեշտական մտքերը: Ըստ երեւույթին, տրամաբանության իսպառ բացակայությամբ: Խնդիրը, սակայն, տրամաբանությունը չէ, այլ ԱՄՆ-ի փաստաբանի այն դերը, որն ինքնակամ ստանձնել է Հեյդար Ջեմալը, ընդ որումՙ Ռուսաստանի իսլամական կոմիտեի նախագահի կարգավիճակով: Չիմացողն էլ կկարծի, թե այս կոմիտեն որեւէ այլ խնդիր չունի, քան գոհացնել իր նախագահի փաստաբանությամբ զբաղվելու հակումները, որպեսզի վերջինն էլ ամերիկացիների նկատմամբ նախանձելի հոգատարությամբ իր ուժն ու կորովը նվիրի Վաշինգտոնի մտահոգությունների բացահայտմանը, եւ բացահայտումը դառնա նրա կյանքի իմաստը: Մնում է հուսալ, որ ԱՄՆ-ն կգնահատի մտահոգությունների բացահայտման Ջեմալի առաքելությունը, թերեւս այդ գնահատանքի արտահայտությունը կլինեն ամերիկյան շահերի հարցում որպես ուղեգիծ Ջեմալի խորհուրդներով կողմնորոշվելն ու դրանց պաշտպանության պատասխանատվության թախանձագին խնդրանքով հանձնարարումը վերջինիս: ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: