News.am. 8-2-2010- Թուրքիան այն երկիրը չէ, որի հետ կարելի է խոսել ճնշման լեզվով: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առաջիկա քննարկումը, հաղորդում է «Hurriyet» թերթը:
Նրա կարծիքով, փաստը, որ հարցը կրկին հայտնվել է օրակարգում հենց այսօր, պատահական չէ. «Քաղաքականության եւ դիվանագիտության մեջ ես պատահականությունների չեմ հավատում»: Կոնգրեսի որոշումը, ըստ Դավութօղլուի, ճնշման տարր է, բայց «բոլորն էլ պետք է հասկանան, որ Թուրքիան այն երկիրը չէ, որի հետ կարելի է խոսել ճնշման լեզվով»:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով, այդ ամենը մեկ շղթայի օղակն են. «Նախ Հայաստանի Սահմանադրական դատարանն է ընդունում որոշում, որը լիովին հակասում է ստորագրված արձանագրությունների ոգուն, ապա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ապակառուցողական մոտեցում է ցուցաբերում Սոչիում Ղարաբաղի հարցով բանակցություններին, այժմ էլ ԱՄՆ Կոնգրեսում այսպես կոչված „ցեղասպանության“ ճանաչման վերաբերյալ քննարկումների օրն է նշանակվում»:
«Մենք, երբ ստորագրում էինք Հայաստանի հետ արձանագրությունները, քաղաքական կամք դրսեւորեցինք եւ մերձեցման գնացինք այդ երկրի հետ: Պետք չէ մեզ սպառնալ ապրիլի 24-ով, եթե ինչ-որ մեկը ցանկանում է ճնշում գործադրել մեզ վրա, դա անհույս գործ է»,- հայտարարել է նա՝ ընդգծելով, որ Թուրքիան ինքնաբավ երկիր եւ որոշումներ է ընդունում՝ ելնելով իր ազգային շահերից:
Իսկ եթե Միացյալ Նահանգները դիմեն նման միջոցների, հայ-թուրքական մերձեցման գործընթացը կձախողվի. «Դա ո՛չ Վաշինգտոնի շահերից է բխում, ո՛չ Երեւանի, ո՛չ Անկարայի: Ուստի ԱՄՆ-ը պետք է ավելի ուշադիր մոտենա այդ հարցին, այլ ոչ թե խանգարի ավելորդ ջանասիրությամբ»:
«Ինչպես հույներն են պարբերաբար բարձրացնում հին խնդիրները ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովներից առաջ, այնպես էլ հայերն են ամեն ապրիլի 24-ից առաջ բարձրացնում „ցեղասպանության“ հարցը»,- ամփոփել է Դավութօղլուն:
Monday, February 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment