Monday, February 8, 2010

ՀՀԿ-ական. «Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ կստեղծվեն»

Panorama.am. 8-2-2010- ԱԺ պատգամավոր, «Արցախ» հայրենակցական միության նախագահ Համլետ Հարությունյանը դրական է գնահատում հայ-թուրքական հարաբերություններում հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը: Ինչպես այսօրվա ասուլիսում ասաց Հ. Հարությունյանը, հանրապետության նախագահի վարած արտաքին քաղաքականությունը կշռադատված, հավասարակշված ու ազգային խնդիրները հետապնդող է: «Պետք է ասել, որ բավականին ակտիվ հարձակվողական քաղաքականություն է վարվում հայ-թուրքական հարաբերություններում: Հայաստանի վարած քաղաքականնությունն ուղղված է դիվանագիտական բլոկադայի ճնշմանը` հատկապես հայ-թուրքական հարաբերությունների կոնտեքստում»,-ասաց ԱԺ պատգամավորը: Ըստ նրա, այս առաքելություն ստանձնողը լավ գիտակցել է, որ ողջունողներից բացի կհայտնվեն նաև հակառակորդներ: Ի վերջո, նա կարծիք հայտնեց, որ հանրապետության նախագահն, ամեն ինչ քննարկելով ու կշռադատելով, համարձակ քայլի է գնացել: «Մեր կողմից հայ-թուրքական հարաբերությունների բանակցային գործընթացի ճանապարհը գնում է քայլ առ քայլ, փուլ առ փուլ: Հիմա ի՞նչ, անընդհատ Հայաստանը պետք է նախաձեռնող լինի, որ համարենք թե մեր վարած արտաքին քաղաքականությունը ճիշտ հունով է գնում»,-ասաց նա: Պատգամավորը նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կոնտեքստում արտաքին քաղաքականությունում Հայաստանը դեռևս սխալ քայլ չի կատարել: Իսկ թուրքական կողմը Հայաստանի նախագահի ու արտգործնախարարի համապատասխան կատարած քայլերից հետո որպես պատասխան ադեկվատ քայլեր չի կատարել: Վերջում նա նշեց, որ հարաբերությունների բարելավման համար բավարար չեն միայն մեկ կողմի կատարած ճշգրիտ քայլերը: Սայլը տեղից շարժվելու համար, պատգավավորի կարծիքով, հարկավոր է ճիշտ քայլերին համապատասխան պատասխան ստանալ մյուս կողմից: Հ. Հարությունյանը նշեց, որ հայ-թուրքական հարաբերություններն այնքան նուրբ ու հեղհեղուկ են, որ չի կարելի կտրուկ հայտարարություններ կամ ենթադրություններ կատարել: Նրա կարծիքով, Թուրքիան իր կարևորությունը պահպանում է իր վարած դիվանագիտական քաղաքականության և Բոսֆոր-Դարդանելի նեղուցի շնորհիվ: ԱԺ պատգամավորը հակված է մտածելու, որ Հայաստանի հաջողությունն է, որ կարողանում է «այդ հզոր պետության հետ հավասարը հավասարի պես բանակցային գործըթաց վարել»: Բացի այդ նա նշեց, որ բանակցային գործընթացները կշարունակվեն և դիվանագիտական հարաբերություններ կստեղծվեն երկու երկրների միջև:

No comments: