Monday, February 1, 2010

Արաբական մամուլը Թուրքիային հիշեցնում է Հայոց ցեղասպանության մասին

Tert.am. 1-2-2010- Թուրքիայում քրդերի դեմ իրականացվող խտրականությունն ու ճնշումներն ուղղակի արժեզրկում են վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Գազայի հատվածի առնչությամբ հնչեցրած արդարության և խղճի մասին կոչերն ու հայտարարությունները։ Այս մասին գրում է Լոնդոնում հրատարակվող արաբալեզու Al Hayat թերթը։ «Արդարությունն ու իրավունքները չի կարելի տարանջատել միմյանցից։ Նրանք, ովքեր մի տեղ խոսում են իրավունքներից և արդարությունից, իսկ մեկ այլ դեպքում անտեսում են այդ արժեքները, ստացվում է՝ երկակի ստանդարտներ են կիրառում։ Գաղտնիք չէ, որ նման ձևով է գործում նաև Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։ Թուրքիան չի ընդունել միլիոնավոր հայերի և ասորիների դեմ իրականացված էթնիկ զտումների, այդ ժողովուրդներին իրենց բնօրրանից արմատախիլ անելու փաստը։ Ընդհակառակը՝ Թուրքիայում դատապարտում են բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն խոսել այդ ամենի մասին։ Թուրքիան չի ճանաչել այդ կոտորածները, իսկ Էրդողանի հիշատակած արդարությունը պետք է ճանաչի թուրքական պետության իրականացրած Ցեղասպանությունը»,- գրում է արաբալեզու պարբերականը՝ հիշեցնելով, որ թուրք հայտնի գրող Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկի դեմ Թուրքիայում արշավ սկսվեց հայերի և քրդերի կոտորածների մասին խոսելու պատճառով։ «Թուրքական բանակը 20 տարվա ընթացքում սպանել է 30 հազար մարդու, հազարավոր քրդական գյուղեր դատարկվել և այրվել են։ Չորս միլիոնից ավելի քուրդ լքել է իր տունը, փախել և հաստատվել քաղաքներում։ Քրդական շրջանների նկատմամբ կիրառվել է շրջափակում, որն ավելի սարսափելի էր, քան Իսրայելի՝ Գազայի նկատմամբ իրականացրած շրջափակումը։ Սակայն ոչ Էրդողանը, ոչ էլ նրա կուսակիցները մեկ բառ անգամ չարտաբերեցին դրա մասին, չհիշեցին, ոչ սպանված երեխաների, ոչ էլ աղաղակող կանանց մասին»,- եզրափակում է Al Hayat թերթը։

No comments: