News.am. 8-2-2010- Թուրքիայի Մարդին քաղաքում «Ժողովրդավարական հասարակություն կոնգրեսի» հարկի տակ ստեղծված կրոնական հանձնաժողովը կազմակերպել է «Միջագետք, առաջին կրոնական համագումար» միջոցառումը, որին մասնակցել են քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նորընտիր նախագահ Սելահաթին Դեմիրթաշը, նրա այլ կուսակիցներ, ալեւիներ, եզդիներ, սիրիացիներ, հայեր, սուննիներ եւ քրիստոնյա ներկայացուցիչներ:
Թուրքական Turktime-ի փոխանցմամբ` համագումարին բավականին համարձակ ելույթով է հանդես եկել Դիարբեքիրի քուրդ քաղաքապետ Օսման Բայդեմիրը: «Մի ժամանակ Միջագետքում ապրում էին ասորիներ, հայեր, քրդեր, որոնք իրենց կրոնական ինքնությամբ հաջողության, համբերատարության, խաղաղության եւ զարգացման խորհրդանիշ էին: Սակայն որոշները եկան, մեզ երկար տարիներ ղեկավարեցին եւ այդ ընթացքում այստեղից մարդիկ ստիպված հեռացան: Սա ասում եմ մեծ ցավով: Դիարբեքիրում մնացել է ընդամենը մի քանի հայ ընտանիք, իսկ 120 տարի առաջ նրանք բնակչության 40 տոկոսն էին կազմում: Ոչ մի ներողություն այդ ողբերգությունը չի թեթեւացնի: Այո, մեծ ցավ եք ապրել: Դուք ստիպված գնացիք, բայց համոզված եղեք, որ դուք չեք կորցրել, մենք` այստեղ մնացողներս ենք կորցրել: Հաջողությունը եւ խաղաղությունը ձեզ հետ տարաք»-նշել է Դիարբեքիրի քուրդ քաղաքապետը:
NEWS.am-ը հիշեցնում է, որ Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը խիստ քննադատության էր ենթարկել Թուրքիայի իշխանություններին այն բանի համար, որ վերջիններս թույլ չէին տվել, որ 2009-ի օգոստոսի 8-ին մահացած հայազգի երգիչ Արամ Տիգրանը թաղվի Դիարբեքիրում: Դիարբեքիրում թաղվելը եղել էր հայ երգչի ցանկությունը: Օսման Բայդեմիրը Դիարբեքիրի հայկական գերեզմանատանը կազմակերպել էր Արամ Տիգրանի հոգեհանգիստը եւ արդեն նրա շիրիմի համար փորված վայրից վերցած հողը իր հետ տարել Բրյուսել, որտեղ որ թաղվել է քրդերեն, արաբերեն, թուրքերեն, հայերեն երգող հայազգի երգիչ Արամ Տիգրանը:
Դիարբեքիրի հայկական գերեզմանատունը Օսման Բայդեմիրի հրամանով վերանորոգվել եւ մաքրվել է: Սկսվել է նաեւ Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգումը:
Monday, February 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment