Monday, February 8, 2010

ԻՐԱՆԸ ԴԵՄ Է ՂԱՐԱԲԱՂԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒՆ

«Լրագիր» 8-2-2010- ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը փետրվարի 8-ին Ուրբաթ ակումբում խոսել է օրերս Իրան կատարած այցի մասին, Հայ դատի թեմայով համաժողովին մասնակցելու շրջանակում: Իրան կատարած այցից ներկայացնելով նաեւ իրանական շրջանակների հետ շփումներից ունեցած տպավորությունը, Արծվիկ Մինասյանը նկատել է, որ Թուրքիայի ներկայիս քաղաքականությունը, իր մեջ պարունակելով պանթուրքիզմի էությունը, անհանգստացնում է Իրանին, հատկապես այն առումով, որ Իրանի հյուսիսում գտնվում է մոտ 20 միլիոն ադրբեջանցի: Այդ հանգամանքը, ըստ Արծվիկ Մինասյանի տպավորության, Իրանի համար անընդունելի է դարձնում մասնավորապես Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտու վերադարձը, որը սահմանակից է Իրանին: Արծվիկ Մինասյանը ուշադրություն է հրավիրել նաեւ հայ-իրանական գործակցության բովանդակությանը, նշելով, որ այսօր բազմաթիվ իրանցիներ գալիս են Հայաստան, ու գալիս են այստեղ ազատ կյանք որոնելով, քանի որ Իրանում բնականաբար ապրում են որոշակի սահմանափակումների պարագայում: “Պետք է սա հաշվի առնենք, որովհետեւ նաեւ մեր ազգային անվտանգության խնդիրը կա այստեղ: Լուրջ վերլուծություն կատարենք եւ համագործակցությունն իսկապես տեղափոխենք այլ, ավելի հիմնավոր ու կարեւոր հարթության մեջ”, ասում է Արծվիկ Մինասյանը:

No comments: