/PanARMENIAN.Net/ 08.02.2010- «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ենթատեքստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական ուղին բխում է Հայաստանի ազգային շահերից»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը:
Հարությունյանի խոսքով, Հայաստանի նախագահի նախաձեռնողական քաղաքականության նպատակն այդ ուղղությամբ դիվանագիտական շրջափակումը ճեղքելն է:
Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին այն մասին, թե արդյոք կարելի է Հայաստանի արտաքին քաղաքականությունն ավելի նախաձեռնողական գնահատել, եթե այն ներկա պահին պարզապես արձագանքում է թուրքական կողմի քաղաքական քայլերին, պատգամավորը նկատեց, որ պարտադիր չէ ամեն անգամ նոր քայլեր ձեռնարկել, որպեսզի քաղաքականությունը նախաձեռնողական համարվի: «Այժմ մենք Թուրքիային հնարավորություն ենք ընձեռում նույն կերպ պատասխանել մեր նախաձեռնությանը: Սակայն առայժմ թուրքական կողմից համապատասխան քայլեր չեն նշմարվում»,- նկատեց նա:
Պատգամավորը հույս հայտնեց, որ թուրքական կողմն, այնուամենայնիվ, կվավերացնի ստորագրված Արձանագրությունները եւ սկսված բանակցությունները հաջողությամբ կպսակվեն:
Հայաստանի հանրապետական կուսակցությունը հիմնվել է1990թ. Աշոտ Նավասարդյանի կողմից: Կուսակցության գաղափարախոսական հենքը հայ քաղաքական գործիչ եւ Հայաստանի Առաջին Հանրապետության հրամանատար Գարեգին Նժդեհի ուսմունքն է: ՀՀԿ կազմավորումը կապված է 1988թ. ազգային-ազատագրական պայքարի հետ: Կազմակերպչական հիմք է ծառայել այդ պատերազմի սկզբում ձեւավորված «Անկախության բանակ» ռազմաքաղաքական միավորումը: Պաշտոնապես որպես քաղաքական կուսակցություն ՀՀԿ-ն գրանցվել է 1991 թվականի մայիսի 14-ին:
Կուսակցությունը զգալի ավանդ է ունեցել Զինված կամավորական ջոկատների համակարգող խորհրդի աշխատանքներում, աջակցելով հանրապետությունում իրավակարգի հաստատմանը, իսկ կանոնավոր Ազգային բանակի ձեւավորումից հետո ՀՀԿ-ն հայտարարեց իր ապառազմականացման մասին:
2006թ. հուլիսին տեղի ունեցած 10-րդ արտահերթ համագումարը հռչակեց ՀՀԿ-ն ազգային պահպանողական կուսակցություն: Կուսակցության նախագահը հիմնադրման օրվանից մինչեւ 1997թ. եղել է Աշոտ Նավասարդյանը, 1997-2005թթ.` Անդրանիկ Մարգարյանը: Ներկայումս կուսակցությունը գլխավորում է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:
Monday, February 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment