Wednesday, March 17, 2010

Դոլարը գերազանցեց 400 դրամի «հոգեբանական սահմանը»

Tert.am. 17-3-2010- Հայկական դրամը արժեզրկման հերթական փուլն է ապրում, և արդարանում են շատ մասնագետների կանխատեսումները՝ կապված դրամի արժեզրկման մեծ հնարավորության հետ։ Ներկայում ԱՄՆ դոլարը հայկական բանկերից լավագույն դեպքում կարելի է ձեռք բերել միայն 402 դրամով, եվրոն` 555 դրամով։ Ըստ rate.am կայքի՝ այսօր 13։30-ի տվյալով որոշ բանկեր այդ արժույթները վաճառում էին, համապատասխանաբար, 405 և 561 դրամով։ Իսկ առքի գները համապատասխանաբար տատանվում էին 395-400 և 542-550 դրամ միջակայքում։ Մինչդեռ դեռևս առավոտյան 10։00 դրությամբ՝ «Անելիք» բանկից կարելի էր դոլարը ձեռք բերել 398.5 դրամով, իսկ, օրինակ, եվրոն «Արցախբանկից» 549 դրամով։ Նկատենք, որ հայկական դրամի արժեզրկման գործընթացն սկսել է ակտիվանալ հատկապես վերջին 1-1.5 ամիսների ընթացքում։ Մասնավորապես, դեռևս այս տարվա փետրվարի 2-ի դրությամբ դոլարի պաշտոնական փոխարժեքը 375.8 դրամ էր։ Դրանից հետո այն կայուն կերպով բարձրացել է։ Դրամի արժեզրկման վերջին օրերի գործընթացը մի քանի պատճառներ կարող է ունենալ. Արտասահմանից իրականացվող մասնավոր տրանսֆերտների կրճատում, արտահանման և ներմուծման ծավալների դեռևս շարունակվող մեծ տարբերություն (ներմուծումը զգալիորեն գերազանցում է արտահանմանը), գնաճի բարձր մակարդակ և այլն։ «Նպաստավոր» պայմաններից է նաև այս ամենին զուգահեռ դրամական բազայի և դրամի զանգվածի աճը, որն էլ ընդլայնողական դրամավարկային քաղաքականության հետևանք է։

No comments: