News.am. 17-3-2010- ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հրավերով մարտի 17-ին Ռուսաստանի Դաշնություն է ժամանել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլայ Պատրուշեւը քննարկել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության խորացման հետագա ծրագրերը:
Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Հայաստանում սկսվել է սահմանային ենթակառուցվածքների արդիականացման գործընթացը, մշակվում է սահմանային անվտանգության հայեցակարգը, եւ ընդգծել է այս ոլորտում ռուսական կողմի հետ փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Կարեւորվել է ռազմատեխնիկական համագործակցության խորացումը:
Քննարկվել են ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնած «Եվրոպական անվտանգության պայմանագրի» նախագծին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է եղել նաեւ ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումներին ժամանակակից զինտեխնիկայով ապահովելու խնդրին:
Գործընկերոջ խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա ընթացքը:
Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաեւ ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովի հետ: Քննարկվել են ռազմաարդյունաբերության, ատոմային էներգետիկայի, սահմանային ենթակառուցվածքների եւ այլ ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների խորացմանն առնչվող խնդիրներ: Երկուստեք ընդգծվել է ռուսական կողմին պատկանող «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կողմից Հայաստանում երկաթուղային տրանսպորտի ոլորտում նախատեսված ներդրումները ժամանակին եւ արդյունավետ իրականացնելու կարեւորությունը:
Օրվա ավարտին Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության խորհուրդների աշխատակազմերի միջեւ կայացել են ընդլայնված կազմով խորհրդատվություններ անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ:
Wednesday, March 17, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment