
Aysor.am. 25-3-2010- Հայաստանը խուսափում է Մադրիդյան նորացված սկզբունքների մասին խոսել, իսկ Ադրբեջանը չի շտապում հայտարարել հայկական կողմից դրանց մերժման մասին: Այդ տեսակետն այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:
«Երբ տեսնում ես երկու կողմերի հայտարարությունները, տպավորություն է ստեղծվում, որ տարբեր գործընթացների և տարբեր հակամարտությունների մասին է խոսքը գնում»,- ասաց նա` կարծիք հայտնելով, որ սկզբունքների նորացված տարբերակը շատ ավելի ձեռնտու է Ադրբեջանին, քան թե նախնական տարբերակը:
Անդրադառնալով բանակցային գործընթացի վերաբերյալ ԼՂՀ իշխանությունների վերաբերմունքին, Դ. Շահնազարյանն ասաց, որ Ղարաբաղի իշխանության` մինչ այժմ ցուցաբերած պահվածքից ակնհայտ է, որ Ստեփանակերտը Սերժ Սարգսյանին վստահություն է արտահայտում:
«Իրանք վստահում են Սերժ Սարգսյանին: Որևէ այլ դրսևորում չկա... Ինձ համար ակնհայտ է, որ իշխանություններն այս ծանր իրավիճակում իրենց համար, վերջիվերջո, հասկացել են, թե որքան վատ բան արեց Քոչարյանը, երբ Ղարաբաղին դուրս թողեց բանակցություններից»,- նշեց բանախոսը:
«Կարծում եմ Հայաստանի իշխանությունների փորձերը` վերադարձնել Ղարաբաղը բանակցությունների սեղանի շուրջ, հաջողություն ունենալ չեն կարող»,- ասաց նա:
Մեկնաբանելով Սիրիա կատարած այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սարգսյանի այն հայտարարությունը, որ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման դեպքում հայկական կողմը պատրաստ է զիջել անվտանգության գոտի կազմող որևէ տարածք, ՀԱԿ ներկայացուցիչը համոզմունք հայտնեց, որ 5 շրջանների զիջումը «հստակ է», քանի որ «երկու տարի շարունակ հենց դրա շուրջ էին ընթանում բանակցությունները, դրա մասին էին Մադրիդյան սկզբունքները, որտեղ ամեն ինչ հստակ նշված է տարածքների վերադարձի մասին»:
No comments:
Post a Comment