Thursday, November 18, 2010

ՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է «Խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը. հայկական խաչքարեր» հայտը

Tert.am. 17-11-2010- Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում նոյեմբերի 15-19-ն ընթանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի անդամ պետությունների միջկառավարական կոմիտեի 5-րդ նստաշրջանը: Օրակարգում ընդգրկվել է «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» ցանկերի համալրման հարցը: ՅՈՒՆԵՍԿՕ ներկայացված տարբեր երկրների ազգային ոչ նյութական մշակութային ժառանգության մաս կազմող արժեքներից փորձագետների ընտրությամբ Քենիայի խորհրդաժողովի օրակարգ է մտել 47 հայտ: Նշված ցանկում տեղ է գտել նաև Հայաստանի Հանրապետությունը` իր «Symbolism and craftsmanship of Khachkars, Armenian cross-stones» («Խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը. հայկական խաչքարեր») ոչ նյութական մշակութային արժեքի հայտով, որը ներկայացնում է խաչքարի ծագումնաբանությունը, զարգացման ժամանակագրությունը, հորինվածքը, պատկերագրությունը, ազգային պատկերացումները, ժողովրդի կյանքում խաչքարի դերակատարությունը, գործառույթները, դրսևորման ձևերը, ինչպես նաև ժամանակակից խաչքարագործության զարգացումները:
Արժեքի ընտրության և հետագայում ազգային ներկայացուցչական փաթեթի պատրաստման գործընթացն իրականացրել է ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնախմբի ներկայացուցիչներից, ինչպես նաև խաչքարագործ անվանի վարպետներից ու ազգագրագետներից կազմված աշխատանքային խումբը։ Արդյունքում՝ 2009 թ. մայիսին այն ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ:
Քանի որ Քենիայի խորհրդաժողովի ընթացակարգի համաձայն` հայտերը քննարկվել են այբբենական կարգով, առաջինը ներկայացվել է Հայաստանի հայտը: Կոմիտեի անդամ են «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիային միացած ավելի քան 100 պետություններից 24-ի ներկայացուցիչները` Կիպրոս, Իտալիա, Իսպանիա, Ալբանիա, Ադրբեջան, Խորվաթիա, Չեխիայի Հանրապետություն, Կուբա, Գրենադա, Նիկարագուա, Պարագվայ, Վենեսուելա, Չինաստան, Ինդոնեզիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ճապոնիա, Կորեայի Հանրապետություն, Բուրկինա Ֆասո, Քենիա, Մադագասկար, Նիգերիա, Հորդանան, Մարոկկո, Օման:
Քենիայում քննարկման ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչը, ի թիվս այլ փոփոխությունների, պահանջել է հայկական հայտի անվանումը խմբագրել «Հայկական խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» տարբերակով: Սրանով փորձել է հաստատել, որ խաչքարագործությունը միայն հայերինը չէ և այն բնորոշ է կովկասյան ալբանացիներին, որոնց հետնորդները իբրև թե ադրբեջանցիներն են: Ինչպես նաև հնչեցրել է, թե «Հայաստանը օկուպանտ պետություն է և պատմությունը խեղաթյուրելու փորձ է կատարում»:
Հայկական հայտի բողոքարկման նպատակով ադրբեջանական կառավարության նախաձեռնությամբ տարբեր երկրներում իր համայնքների կողմից կազմակերպված դժգոհության 143 նամակ է ուղղվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովային, որպեսզի վերջինս թույլ չտա հայկական կողմի ներկայացրած հայտի ընդունումը: Ի պատասխան` Հայաստանի ներկայացուցիչը` ՀՀ մշակույթի նախարարի տեղակալը, հայտարարել է, որ մեր պետության դիրքորոշումը հստակ է և պետք չէ այս բարձր ամբիոնը քաղաքականացնել և արծարծել թեմաներ, որոնք որևէ կապ չունեն ժողովուրդների ազգային ինքնությունն արտահայտող արժեքների քննարկման հետ:
Ադրբեջանն իր այս քայլով փորձել է վիճարկել խաչքարի ծագումնաբանությունը և ազդել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի անդամ պետությունների Գլխավոր Ասամբլեայի հաստատած չափորոշիչներին համապատասխան ներկայացված հայտի ընդունման գործընթացի վրա` դրանով իսկ հարցի լուծումը մշակութային ժառանգության պաշպանության ոլորտից տեղափոխել համաշխարհային քաղաքական դաշտ։
Հետագա լարված քննարկումներից խուսափելու նպատակով` կոմիտեն առաջարկել է այս խնդրահարույց հարցին անդրադառնալ ընդմիջումից հետո:
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, վերսկսվել են քննարկումները, և այս անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնից հանդես է եկել Ադրբեջանի ազգային փոքրամասնություններից ուդիների ներկայացուցիչը` նշելով, որ խաչածածկ քարերի մշակույթը բնորոշ է նաև իր ժողովրդին: Այդ կապակցությամբ Հայաստանի ներկայացուցիչը հանդես է եկել ելույթով՝ նշելով, որ ուդիները 5-րդ դարից ի վեր Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ դաղստանյան ժողովուրդներից են, որոնք մինչև 1988 թ. ապրել են Ադրբեջանի տարածքում գտնվող Վարդաշեն և Նիժ գյուղերում, մասնավորապես՝ Նիժ գյուղում, որը գտնվում է Կուտկաշենի շրջանում: Ադրբեջանցիների կողմից հայկական բնակավայրերի անվանափոխության քաղաքականության արդյունքում՝ 1989 թ. Կուտկաշենը վերանվանվել է Գաբալլա, իսկ Վարդաշենը` Օղուզ:
1988-89 թթ. հայ ինքնության մաս կազմելու պատճառո ադրբեջանական կառավարությունը բռնագաղթի է ենթարկել 8-10 հազար ուդիների, որոնց մի մասն այսօր ապրում է ՀՀ Տավուշի մարզում, իսկ մյուս մասը` Վրաստանում: Նիժ և Վարդաշեն գյուղերի շրջակայքում կան 14-15-րդ դդ. խաչքարեր, որոնք Կուրի ձախափնյա Ադրբեջանում խաչքարերի եզակի կղզյակ են կազմում: Բոլոր այդ խաչքարերն ունեն հայերեն արձանագրություններ, և Ադրբեջանը գիտակցելով դրանց հայկականությունը` միտումնավոր լռության է մատնել խաչքարերի գոյության փաստը:
Այս ելույթից հետո, Միջկառավարական կոմիտեն ընդունելով ներկայացված բոլոր արժեքների հայտերը, առաջարկել է հայկական հայտի քննարկումը տեղափոխել նոյեմբերի 17-ի օրակարգ: Միևնույն ժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջարկել է կազմակերպել իր ներկայացուցչի ներկայությամբ` հայկական և ադրբեջանական կողմերի միջև բանակցություն` խնդրին երկուստեք ընդունելի լուծում տալու նպատակով: Երկարատև ու լարված քննարկումների արդյունքում Միջկառավարական կոմիտեն հաշվի չի առել ադրբեջանական կողմի պնդումները և ընդունել է հայկական կողմի առաջարկած «Հայկական խաչքարի արվեստը. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» տարբերակը:

No comments: