
News.am. 30-3-2010- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահները Ստեփանակերտում եւ Երեւանում բանակցություններ վարեցին, եւ պարզ դարձավ, որ գոյություն չունեն «Մադրիդյան նորացված սկզբունքներ»: Եղել են եւ կան կարգավորման սկզբունքներ եւ դրանց շուրջ աշխատանքային առաջարկություններ:
Այդ մասին ավելի վաղ հստակ էր արտահայտվել նաեւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Որոշակի բացահայտումներ, ըստ երեւույթին, չէին արվի, եթե Ադրբեջանը հայտարարած չլիներ, որ «փոքրիկ բացառությամբ» ընդունում է «նորացված Մադրիդյան սկզբունքները»:
Բանակցություններին հետեւող ամեն մի անկողմնակալ վերլուծաբանի համար Ադրբեջանի «կառուցողականությունը» հասկանալի էր ի սկզբանե: Դա ոչ այլ ինչ էր, քան հայկական կողմի ձեռքով «Մադրիդյան սկզբունքները թաղելու» հնարք, որը, սակայն, չաշխատեց: Ավելի ճիշտ` աշխատեց ի վնաս Ադրբեջանի:
Հայկական կողմը հավատարիմ մնաց իր սկզբունքային դիրքորոշմանը, որը տվյալ պահի կտրվածքում նաեւ առարկայորեն ազդեց միջնորդների վրա: Նրանք վերջին տարիների համար թերեւս ամենալուրջ քննարկումն անցկացրին Ստեփանակերտում, ինչը նշանակում է, որ ՄԽ համանախագահությունը չի պատկերացնում վերջնական հանգուցալուծում` առանց ԼՂՀ ներգրավվածության: Իսկ երեւանյան բանակցություններին հետեւած այն ընդհանրացումը, ըստ որի՝ «կողմերը հավատարիմ են խնդրի խաղաղ կարգավորմանը», հասցեագրված էր Ադրբեջանին, որովհետեւ ո՛չ Հայաստանը, ո՛չ ԼՂՀ-ն երբեւէ ուժի կիրառման սպառնալիք չեն հնչեցրել:
Պաշտոնական Բաքվի միջնորդավորված արձագանքը չուշացավ: Խորհրդարանում «անկախ պատգամավորի» համբավ ունեցող Սաբիր Ռուստամխանլին շտապեց հայտարարել, որ «Ադրբեջանը չպետք է գնա իր տարածքում Բաքվի իրավունքները սահմանափակող որեւէ համաձայնության»:
Վերջակետը դրված է. խնդրի կարգավորում ասելով Բաքուն հասկանում է մի բան` «վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Մադրիդյան փաստաթղթի հիմքում դրված մյուս երկու` ուժի չկիրառման եւ ինքնորոշման սկզբունքները նրան չեն հետաքրքրում, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը մերժում է կարգավորման հայեցակարգը:
Ինչպե՞ս է Բաքուն հաղթահարելու այս, մեղմ ասած, դիվանագիտական անհարթությունը` իր խնդիրն է: Հետաքրքիրն այն է, թե միջնորդները դարձյալ կփորձե՞ն «խմբագրել» արդեն շուրջ երեք տարի շրջանառվող փաստաթուղթը, թե՞ հավելյալ ջանքեր կգործադրեն, որպեսզի Ադրբեջանը հաշտվի իրողությունների հետ:
Վահրամ Աթանեսյան
No comments:
Post a Comment