«ԱԶԳ», 31-03-2010- «Ակօս» պարբերականի հիմնադիրներից Աննա Թուրայը երկօրյա այցով եկել է Երեւանՙ մասնակցելու հայ-թուրքական փորձագիտական քննարկումներին: «Ազգի» հետ զրույցում նա ներկայացրեց պոլսահայ համայնքի կյանքի, մտահոգությունների ու համայնքի եւ հայաստանցիների միջեւ հարաբերությունների վերաբերյալ իր կարծիքները:
- Ինչպիսի՞ն է հայ-թուրքական մերձեցման գործընթացի վերաբերյալ հայ համայնքի տրամադրվածությունը:
- Ստամբուլահայերը հայ-թուրքական գործընթացին հետեւում են մեծ ուշադրությամբ: Ամեն օր հեռուստատեսությամբ լինում են հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հաղորդումներ, կլոր սեղաններ:
Հարաբերությունների կապակցությամբ ակտիվ անցուդարձ կա: Այս ամենը քաջալերեց համայնքին, սկսեցին խոսել այնպիսի թեմաներից, որոնց մասին մինչ այդ լռում էին: Կան թուրք լրագրողներ, որոնք դրական են արձագանքում այդ հարաբերություններին, եւ դա նույնպես քաջալերում է նրանց: 3-4 տարի առաջ նման մթնոլորտ անհնար էր պատկերացնել: Հարաբերությունների վերաբերյալ մեծ ուրախություն կա, որովհետեւ կզգանք, որ հարաբերությունների բարելավումը համայնքի համար հանգստություն կբերի: Փոքրամասնություն լինելը յուրաքանչյուր երկրում դժվար բան է, բայց Թուրքիայի պես երկրում շատ ավելի դժվար է: Թուրքիան իր ժողովրդի, քաղաքացիների կարիքները չի կարողանում լուծել, հետեւաբար փոքրամասնությունների խնդիրներն առավել եւս մնում են չլուծված: Մեր ամենամեծ խնդիրը տնտեսական վիճակն է: Ֆինանսական բացակայություն կա մեր միություններում, կազմակերպություններում, դպրոցներում, եկեղեցիներում: Քանի որ մենք տուրք ենք վճարում, ուրեմն կարգն այն է, որ պետությունը հիմնական խնդիրները գոհացնի, օրինակ, եկեղեցիների մեծ մասը չի գործում, պետությունը պետք է հոգ տանի դրանց մասին: Մինչդեռ այդպես չէ: Դպրոցը պետք է վերականգնի, դասագրքերը սարսափելի վիճակում են: Դրամ չունենք դրանք հրատարակելու համար: Այս հարցերը պետք է լուծվեն:
- Թուրք քաղաքացին ի՞նչ կարծիք ունի այս հարաբերությունների վերաբերյալ:
- Թուրքական քաղաքացիական հասարակությանը մեկ ընդհանրության մեջ համախմբելը դժվար է: Նրանք բազմաշերտ են: Որոշ մակարդակ կա, որ հիմնականում կարդացած են` խելացի, կրթված: Նրանք ողջունում են այդ հարաբերությունները, բայց նրանք քիչ են: Նրանց շատանալը եւ իրավիճակի մասին բացահայտ ու առանց վախենալու կարծիք հայտնելը շատ նպաստավոր ու կարեւոր կլինի թե՛ համայնքի, թե՛ հարաբերությունների համար:
- Պատրիարքարանը մեծ դեր է խաղում ստամբուլահայ համայնքի կյանքում: Սկզբում խոսակցություններ էին պտտվում, որ պետք է տեղի ունենա աթոռակից պատրիարքի ընտրություն, հետո կարծիքներ եղան, որ ոչ թե աթոռակից, այլ պատրիարքի ընտրություն պետք է տեղի ունենա: Այսօր այս առնչությամբ ինչպիսի՞ զարգացումներ կան:
- Նոր զարգացումներ չկան: Ստամբուլահայ համայնքն այսօր ամոթալի վիճակում է հայտնվել: Անհնար է մեկնաբանել, թե ինչու է այս վիճակում հայտնվել, որովհետեւ պետության կողմից որեւէ ճնշում չկա: Համայնքը բոլորված չէ մեկ կենտրոնի շուրջը: Պատրիարքարանը չկարողացավ դառնալ այդ կենտրոնը: Նա կրոնական կենտրոն է եւ համայնքի խնդիրներին, հոգսերին չի կարողանում պատասխանել: Իր ձեռքում նյութական ոչինչ չկա: Համայնքում լավ կրթություն ստացած սերունդ չունենք, համայնքում թեպետ կան շատ դպրոցներ, լիցեյներ, բայց դրանց մակարդակը բարձր չէ:
- Թուրքիայի վարչապետ Էրդողանի վերջին հայտարարություններն ի՞նչ արձագանք ստացան համայնքում:
- Մեծ արձագանք գտան ու պոլսահայերին շատ տխրեցրին: Այդ վիճակից շատ ազդվեցինք: Մարդկանց խիղճն արթնացավ, տեսանք, թե հայաստանցիներն ինչ վատ վիճակում են ապրում: Թերթերը մեծ արձագանք տվեցին, հայերից հարցազրույց վերցրին: Նրանց վիճակը սարսափելի է` 20 հոգով մեկ սենյակում են ապրում, զավակները կրթություն չեն ստանում: Պոլսահայերը ծանոթ են Ստամբուլ եկած հայերի խնդիրներին: Թեեւ շատ տխուր է, որ հարաբերությունները չեն ստացվում, բայց նույնիսկ այդ պարագայում մարդկանց խիղճն արթնացավ:
Հայաստանից եկածները համայնքի սոցիալական, մշակութային կյանքին չեն մասնակցում: Նրանք հեռացած են համայնքից:
- Այսինքնՙ ստամբուլահայերն ու Հայաստանից եկածները միասնական չե՞ն:
- Այո, միասնական չեն, եւ դա հնարավոր չէ: Սոցիալական, հոգեբանական խնդիրները շատ են: Նրանք գալիս են աշխատելու: Ստամբուլում թուրքերի տանը մաքրություն են անում, երեխաներին պահում: Հավասար վիճակում չենք, եւ հարաբերությունների վրա դա մեծ ազդեցություն է թողնում: Եթե նույն մթնոլորտում չենք, հավասար դիրքերից չենք խոսում, դժվար է հարաբերություն հաստատելը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
No comments:
Post a Comment