Wednesday, March 31, 2010

Ֆիլմի հեղինակ. Սումգայիթում հայերի ցեղասպանությունը նախապատրաստվել, կազմակերպվել և ուղղորդվել է Հ. Ալիևի գլխավորությամբ

Panorama.am. 31-3-2010- Ավարտին են մոտենում «Սովորական ցեղասպանություն» շարքի երկրորդ` «Սումգայիթ, փետրվար, 1988» փաստագրական ֆիլմի նկարահանման աշխատանքները: Նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանի խոսքով, նկարահանող խմբին հաջողվել է ի հայտ բերել բավական լուսանկարչական նյութեր և տեսագրություններ, որոնք լույս են սփռում ադրբեջանական Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների` նախկինում անհայտ մնացած մանրամասների վրա: Գաղտնիք չէ, որ 1988 թ. փետրվարի 27-29-ը ադրբեջանական այս քաղաքում գազանաբար իրականացվեցին հայերի ջարդեր ու կոտորածներ: Եվ ահա հերթական այս ֆիլմում տեղ գտած փաստերը թույլ կտան առավելագույնս մանրամասնորեն պատմել հայերի հանդեպ 20-րդ դարավերջին իրականացված ցեղասպանության մասին: «Մեր տրամադրության տակ կային ԽՍՀՄ Գլխավոր դատախազության օպերատիվ նկարահանումները, նախաքննության և դատաքննության նյութեր, լուսանկարներ, որոնք կատարվել էին Ադրբեջանի դիահերձարաններում, ուր տեղափոխվել էին տանջամահ արված հայերի դիակները»,-ասաց Մարինա Գրիգորյանը: Ֆիլմի հեղինակի խոսքով, այդ կադրերը ոչ միայն ցնցող են կատարված հանցագործությունների աննախադեպ դաժանության առումով, այլև ապացուցում են, որ «սումգայիթի» զոհերի թիվը շատ ավելի մեծ է պաշտոնական տվյալներից: «Եվ ամենագլխավորը` մենք գտանք անհերքելի ապացույցներ այն մասին, որ Սումգայիթում հայերի ցեղասպանությունը ամենայն մանրամասնությամբ նախապատրաստվել, կազմակերպվել և ուղղորդվել է Ադրբեջանի պետանվտանգության կոմիտեի կողմից` Հեյդար Ալիևի գլխավորությամբ»,-ասաց նա: Նախագծի ղեկավարը հավելեց, որ ֆիլմում ներկայացված են նաև փաստեր, որոնք այս տարիների ընթացքում բծախնդրությամբ թաքցվել են, քանի որ ականատեսները ստորագրել էին գաղտնիքի չհրապարակման մասին փաստաթուղթ: Միևնույն ժամանակ ֆիլմը հիշեցնում է հայերի պարտադրված ինքնապաշտպանական գործողությունների մասին, որոնք ըստ էության, Ղարաբաղյան պատերազմում հայ ժողովրդի պատմական հաղթանակի «սկզբնաղբյուրը» դարձան: «Այդ մարդիկ մի քանի ժամ շարունակ, փաստացի, առանց զենքի պաշտպանում էին իրենց ընտանիքները գազազած ամբոխից` զոհվելով հերոսի մահով»,-ասաց Մ.Գրիգորյանը: «Սումգայիթ, փետրվար, 1988» փաստագրական ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում ապրիլի առաջին կեսերին, երբ հիշատակվելու է Ղարաբաղի Մարաղա գյուղում տեղի ունեցած ողբերգության 18-րդ տարելիցը, ողբերգություն, որը Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում հայերի հանդեպ իրականացված էթնիկ զտումների և ցեղասպան գործողությունների հերթական օղակներից մեկն էր: «Սովորական ցեղասպանություն» նախագիծը կյանքի է կոչվում ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի աջակցությամբ: Շարքի առաջին` «Բաքու, հունվար, 1990» ֆիլմը առաջին անգամ ցուցադրվեց Բաքվի ջարդերի 20-ամյակի օրերին:

No comments: