Wednesday, March 31, 2010

Հայաստանի կառավարությունը հակասահմանադրական չի համարում 2008թ. մարտի 1-ին զորք օգտագործե՞լը

News.am.31-3-2010- Հայաստանի կառավարությունը պաշտոնապես իր անհամաձայնությունն է հայտնել ընդդիմության դիտարկմանը, թե Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի` 2008-ի փետրվարի 23-ի հույժ գաղտնի հրամանը եղել է ապօրինի, հակասահմանադրական եւ կոչված է եղել բանակը ներգրավել հետընտրական ներքաղաքական իրադարձություններում։ Փաստաբան Վահե Հովսեփյանը ընդդիմության անունից դիմում էր ուղարկել վարչապետ Տիգրան Սարգսյանին` խնդրելով Սահմանադրությանն ու օրենքին հակասող ճանաչել նախկին նախարարի 0038 գաղտնի հրամանը: Oրերս ստացվել է Կառավարության պաշտոնական գրավոր պատասխանը, որտեղ նշվում է, որ «Զինված ուժերը զորանոցային վիճակի բերելու վերաբերյալ նախկին նախարարի հանձնարարականը չի կարող դիտվել որպես Զինված ուժերի օգտագործում»: Միքայել Հարությունյանի հրամանի՝ մամուլում հապարակված քաղվածքի համաձայն, հիշեցնենք, նախագահական ընտրություններից 4 օր անց հրահանգվել է Զինված ուժերի ողջ անձնակազմը տեղափոխել զորանոցային վիճակի՝ մինչեւ հատուկ կարգադրության ստացումը, Երեւանի կայազորի նախկին պետ Յուրի Խաչատուրովի ենթակայությամբ ստեղծել «Կայազորի պետի վարչակազմ» անվանմամբ նոր կառույց։ Ըստ ընդդիմության՝ այդ կառույցը նշված ժամանակաշրջանում ապահովել է 2008 թվականի մարտի 1-ին զինված ուժերը Երեւան տեղափոխելու եւ դրանց հետագա կառավարման հետ կապված գործընթացները։ Իսկ ըստ Սահմանադրության 8 պրիմ 2 հոդվածի ու «Պաշտպանության մասին» օրենքի, Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ կառավարությունը իր պատասխանում նշել է, որ Պաշտպանության նախկին նախարարի հրամանը որեւէ առնչություն չունի Սահմանադրության վերոնշյալ հոդվածների հետ: «Փաստ է, որ Զինված ուժերը օգտագործվել են 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ: Սրանից էլ հետեւում է, որ Զինված ուժերի օգտագործման համար հիմք է հանդիսացել նշված հրամանը: Հետեւաբար, Կառավարության պատասխանում նշված ցանկացած փաստարկ մեր կողմից գնահատվում է անհիմն»,- ասել է փաստաբանը, իսկ Պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը տարակուսանք է հայտնել, որ «եթե այդ հրամանն այդքան անմեղ հրաման էր, ինչու են մարդ կալանավորել՝ այն հրապարակելու կասկածանքով»։ Հիշեցնենք, դեկտեմբերի վերջին պետական գաղտնիք հրապարակելու կասկածանքով կալանավորվեց Պաշտպանության նախարարության շինարարության վարչության նախկին պետ Արմեն Սարգսյանը, որի նկատմամբ հարուցված գործն արդեն ուղարկվել է դատարան։

No comments: