Thursday, March 18, 2010

ԿԻՐԻԼ ՊԱՏՐԻԱՐՔՆ ԱՂՈԹԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈԳԻՆԵՐԻ ՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

«ԱԶԳ, 18-03-2010- Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ եռօրյա այցով Հայաստանում գտնվող Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքը երեկ երկու եկեղեցիների հոգեւոր դասի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հուշահամալիրում երկու հովվապետները նախ ծաղկեպսակներ դրեցին, ապա անմար կրակի մոտ կատարվեց հոգեհանգստյան արարողություն: Այնուհետեւ Կիրիլ պատրիարքն աղոթեց Հայոց ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար: «Հավերժ հիշատակ առանց մեղքի սպանված մեր հայ եղբայրներին եւ քույրերին: Թող աստված պահպանի Հայաստանի հողն ու նրա ժողովրդին եւ ցանկացած ժողովրդի այնպիսի տառապանքներից, ինչպիսին ներկայացված են ցավալի հուշերի այս վայրում»: Սա Կիրիլ պատրիարքի գրառումն է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշամատյանում: «Հայերը Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանությանը կարողացան դիմանալ հավատքի շնորհիվ: Եթե չլիներ հավատքը, քրիստոներությունը, հայ ժողովուրդը չէր փրկվի: Ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած այցելությունն ինձ հիշեցրեց սփյուռքի ներկայացուցիչների ողբերգական ճակատագիրը: Փառք Աստծու, որ մեր երկու ժողովուրդներն ապրում են սփյուռքում այն պայմաններում, որոնք չեն սպառնում նրա գոյությանը», ասաց Կիրիլ պատրիարքը ավելի ուշՙ Երեւանի Սբ Աստվածածնի տաճարում հավաքված հարյուրավոր հավատացյալներին: Ավելի ուշ Կիրիլ պատրիարքին եւ Ամենայն հայոց կաթողիկոսին հյուրընկալեց Սերժ Սարգսյանը: Նախագահը երկկողմ հարաբերությունների հիմնաքարերից համարեց Հայ առաքելական եւ Ռուս ուղղափառ եկեղեցիների միջեւ բարեկամական հարաբերություններն ու ամուր հոգեւոր կապը: Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը բարձր գնահատեց հայ ժողովրդի եւ եկեղեցու առանձնահատուկ դերը քրիստոնեական արժեքների տարածման գործում: Երեկոյան երկու հովվապետերը Երեւանի Գր. Լուսավորիչ մայր եկեղեցում աղոթք մատուցեցին առ Աստված: Արարողությանը ներկա էին, հավատացյալների հոծ բազմությունից շատ, Հայաստանի պետական այրերըՙ հանրապետության նախագահի գլխավորությամբ:

No comments: