Thursday, March 18, 2010

ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԻ ՀՄԱՅՔԸ

«Լրագիր» 17-3-2010- Ամերիկյան քաղաքականությունը պետք է դառնա ավելի կրեատիվ եւ անցնի “քաոսի կառավարման” տակտիկայի: Այդ մասին գրում է քաղաքական գործիչ ու նախագծող, ի դեպ` Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Սթիվեն Մաննը: Պետք է ասել, որ ԱՄՆ վաղուց է անցել այդ տակտիկային: Աշխարհը վերափոխելու ճանապարհին թերեւս սա միակ քաղաքականությունն է, որ հնարավորություն է տալիս խուսափել առավել մեծ ցնցումներից: Ներկայում, այդ քաղաքականության “ճանապարհին”, կառավարելի քաոս է տիրում աշխարհի շատ երկրներում, որոնք ուղղակի են ներգրավված նոր աշխարհակարգի կերտմանը: Հայաստանում արդեն երկու տարի, նախագահի 2008 թ. ի վեր տիրում է “կառավարելի քաոս”: Երեք խաղացողները` Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը կազմում են յուրատեսակ մի եռանկյունի, որ համարվում է ամենաամուր կոնստրուկցիան, մի կողմից, մյուս կողմից, դրան շնորհիվ կամ պատճառով Հայաստանում չի ձեւավորվում իշխանությունը եւ որեւէ համակարգ: Այս իրավիճակն առաջացավ 2008-ի նախագահի ընտրությունից հետո: Ներքին ասպարեզում Սերժ Սարգսյանին չհաջողվեց ձեւավորել իր իշխանությունը: Նա չուներ հանրության աջակցությունը, որը Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմն էր, եւ չուներ համակարգի աջակցությունը, որ մեծամասամբ Ռոբերտ Քոչարյանի կողմն է: Սակայն, Սերժ Սարգսյանը համարվում է նախագահ, այսինքն ունի լիազորություններ, որոնք թեեւ չի կարողանում կիրառել` հանրության ու համակարգի դիմադրության պատճառով, սակայն այնուամենայնիվ ունի, եւ համակարգը չունի երաշխիք, որ նա երբեւէ դա չի կիրառի: Սակայն, Սերժ Սարգսյանի համար այդ լիազորությունները կիրառելը կապված է բազմաթիվ խոչընդոտների հետ, սկսած պայմանավորվածություններից, վերջացրած իրական ազդեցությունը պետական կառավարման համակարգի վրա: Ռոբերտ Քոչարյանն, իր հերթին, պահպանելով հանդերձ ազդեցությունը համակարգի վրա, չի կարող կտրուկ շարժումներ անել երկու պատճառով` նախ, Սերժ Սարգսյանը կարող է ի վերջո դուրս գալ պայմանավորվածությունների շրջանակից, երկրորդ, այդ պարագայում Տեր-Պետրոսյանը կարող է վերցնել իշխանությունը: Հիշենք Լեւոն Զուրաբյանի հայտնի հայտարարությունն այն մասին, որ եթե Տեր-Պետրոսյանի հակառակորդը լինի Ռոբերտ Քոչարյանը, հաղթելու հավանականությունը կտրուկ մեծ կլինի: Լեւոն Տեր-Պետրոսյանը գրագետ քաղաքականություն վարելով եւ պահպանելով իր հիմնական ռեսուրսը, որն առաջին հերթին նրա կողմնակիցների անկաշառությունն է, կարողացավ Հայաստանի ներքին կյանքը պահել “կառավարելի քաոսի” իրավիճակում: Նա ստեղծեց դասական ցուգցվանգի իրավիճակ, երբ ցանկացած քայլ աշխատում է քո դեմ: Իհարկե, ինքը եւս հայտնվեց այդտեղ, եւ ներկայում ընթանում է խուլ, ձգվող դիրքային պայքար: Այս իրավիճակը պահպանվում է նաեւ արտաքին ազդեցությունների շնորհիվ կամ պատճառով: Հայ-թուրքական հարաբերության, Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացը, որոնք ներկայում աննախադեպ ակտիվության ու աղմուկի փուլում են, միջազգային ֆինանսական հաստատությունների բավական հետաքրքիր գործելակերպը` Հայաստանը ջրի երեսին պահելու ուղղությամբ, ինչպես նաեւ Եվրոպայի ասպարեզում Մարտի 1-ի իրադարձությունների խնդիրը ժամանակ առ ժամանակ բարձրացնելու տակտիկան, բանակն ու տնտեսությունը բարեփոխելու, օլիգոպոլիաները վերացնելու պահանջները նպաստում են, որ Հայաստանում “կտրուկ շարժումներ” չկատարվեն: Ճիշտ է, երբեմն լինում են լոկալ բախումներ, հատկապես իշխանության ներսում, սակայն դրանք արագ էլ մարում են, թողնելով սակայն անհրաժեշտ նստվածքն ու լարվածությունը: Ինչ է լինելու այս կառավարելի քաոսի իրավիճակի հետ: Ըստ ամենայնի` Հայաստանը “բերվում է” որակապես նոր իրավիճակի: Հայաստանն այլ կերպ պարզապես հնարավոր չէ փոխել: Սակայն որակապես նոր իրավիճակը դեռ չի նշանակում, որ այն ավելի լավ է լինելու նախկինից: Եւ սակայն, թերեւս արժե փորձել: ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ

No comments: