Thursday, March 18, 2010

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ՆԱԲՈՒԿՈՅԻՆ ՄԻԱՆԱԼԸ

«Լրագիր» 17-3-2010- Deutsche Welle գերմանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառել Հայաստանի մասնակցությունը Նաբուկո նախագծին: Մենք գտնում ենք, որ տարածաշրջանային բոլոր նախագծերը, հատկապես տնտեսական, պետք է ներառեն տարածաշրջանի բոլոր երկրներն առանց բացառության: Հարցին, թե Հայաստանը կուզենա՞ր դառնալ տրանզիտային երկիր, Նալբանդյանը պատասխանել է, թե այն նախագծերը, որոնք վերաբերում են էներգետիկային, իր երկիրը պատրաստ է մասնակցել: Գլխավորը, նրա կարծիքով, որ նման նախագծերն իրատեսական լինեն, համապատասխանեն տարածաշրջանի շահերին, քաղաքականացված չլինեն եւ ունենա տնտեսական արդյունավետություն: Հայաստանը պատրաստ է մասնակցել գազամուղերի կառուցման նախագծերին: Այդ մասին Երեւանում ՆԱՏՕ-ի Ռոուզ Ռութ սեմինարին հայտարարել է Հայաստանի էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը: Նրա խոսքով, եթե ծրագրվող գազամուղների երթուղին անցնի Հայաստանով, ապա Եվրամիության երկրների հարկատուները կխնայեն հարյուր միլիոնավոր դոլարներ: Նա նշել է նաեւ, որ Հայաստանը պատրաստ է ծրագրեր իրականացնել Թուրքիայի հետ, ավելացնելով, որ Հայաստանում արդեն վերականգնվել է խորհրդային տարիներին գործող Թուրքիային էլեկտրաէներգիա մատակարարող 220 կՎտ հզորության գիծը: Ամերիկյան Heritage հիմնադրամի Ռուսաստանի եւ Եվրասիայի հարցերով առաջատար փորձագետ Արիել Կոենը գտնում է, որ Թուրքիան վերածվում է բարդ գործընկերոջ, սակայն այդ երկիրը դեռեւս ԱՄՆ դաշնակիցն է ՆԱՏՕ-ի շրջանակում: Կոենն ասել է, որ եթե նախագահ Օբաման ապրիլի 24-ի ելույթում արտասանի ցեղասպանություն բառը, դա կհանգեցնի առավել մեծ խնդիրների: Մենք հույս ունենք, որ Թուրքիան դուրս չի գա ՆԱՏՕ-ից եւ չի դադարեցնի համագործակցությունը ԱՄՆ հետ, ասել է փորձագետը:

No comments: