Saturday, March 20, 2010

ԿՈՆՖԼԻԿՏ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐՍՈՒՄ

Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի խնդիրը երկփեղկել է եկեղեցին, և ճեղքվածքը գնալով ավելի է խորանում: «Լրագիր» 20-3-2010- Կոնֆլիկտի բովանդակությունը և կառուցվածքը քննարկելուց առաջ անհրաժեշտ է նախ ճշտել տերմինները: Ի՞նչ է նշանակում «եկեղեցի»: Հունարեն ecclesia բառից առաջացած «եկեղեցի» եզրը նշանակում է հավատացյալների հանրություն, որոնք միավորված են միևնույն ծեսերի և դավանաբանության շուրջ: Ինչպես տեսնում ենք, այստեղ խոսք չի գնում «պրոֆեսիոնալ» հավատացյալների (իմա` հոգևորականների) մասին: Այսինքն` եկեղեցին ոչ թե հոգևորականներն են, այլ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները: Հոգևորականները դահլիճի շուրջ ընթացող քննարկումների ժամանակ բարձրացնում են եկեղեցու իրավունքների հարցը: Ըստ նրանց, այդ տարածքը «իրենց» է պատկանում, և «իրենք» ցանկանում են վերականգնել խախտված իրավունքները: Կոնֆլիկտի մյուս կողմն իրենց նույնպես համարում են Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ, այսինքն եկեղեցու բաղկացուցիչ հատվածն են, սակայն խնդրին չեն մոտենում սեփականատիրոջ դիրքերից: Երևի թե նման մոտեցման պատճառով է առաջանում «մենք» և «դուք» անհասկանալի դիլեման: Եթե խնդրին մոտենանք «եկեղեցու» դասական սահմանման դիրքերից, ապա Հայ Առաքելական եկեղեցու յուրաքանչյուր հետևորդ եկեղեցու «բաժնետերերից» մեկն է և բնականաբար, նրա համար պետք է թափանցիկ լինեն եկեղեցում ընթացող «ֆինանսական» և «հոգևոր» գործընթացները: Չմոռանանք ասել, որ նույնը վերաբերվում է նաև կաթողիկոսական և այլ տիպի ներեկեղեցական ընտրություններին, ինչը, սակայն, առանձին ու շատ «ցավոտ» թեմա է: Այսպիսով, մենք անդրադարձանք մի քանի առանցքային հասկացությունների` «հաշվետվություն» «բաժնետերերի» առջև, արդար ընտրություններ, թափանցիկ ֆինանսական գործունեություն: Ուշադիր ընթերցողը կարող է նկատել, որ դրանք հենց այն հասկացություններն են, որոնք չեն սիրում նաև Հայաստանի իշխանությունները: Հայաստանի Հանրապետությունը նույնպես ՀՀ քաղաքացիների ընդհանուր սեփականությունն է, որտեղ նույնպես ընթանում են ճիշտ նույն գործընթացները: «Պրոֆեսիոնալ» պատգամավորները, նախարարները, կոալիցիայի անդամները նույնպես կցանկանային լինել ցմահ, հաշվետվություն չներկայացնել բանետերերին (իմա` քաղաքացիներին): Եկեղեցում և երկրում ընթացող երևույթներն ունեն նույն տրամաբանությունը և կարող են լուծվել միայն փաթեթային տարբերակով, որովհետև «հանրապետականներն» ու «հոգեւորականները» դավանում են նույն սկզբունքներին: Մեկի պարտությունը նաև մյուսի պարտությունն է: Իսկ մինչ այդ մենք պետք է հասկանանք, որ տեղի է ունենում ոչ թե եկեղեցի-հասարակություն, այլ միջեկեղեցական կոնֆլիկտ: Եկեղեցու «պրոֆեսիոնալ» անձնակազմն ունի շահերի բախում շարքային անդամների հետ, ինչը բնորոշ է Հայաստանի բոլոր ոլորտներին:

No comments: