Saturday, March 20, 2010

Սերժ Սարգսյան. Թուրքիան մեզ պահանջներ ներկայացնելու բարոյական իրավունք չունի

/PanARMENIAN.Net/ 20.03.2010 - Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ բանավեճերը նորություն չեն ԱՄՆ քաղաքական կյանքում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` մեկնաբանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի որոշումը ճանաչել Հայոց ցեղասպանության բանաձեւը հիմա: «Վերջին տասը տարում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը մի քանի անգամ փորձել էր այս հարցը քվեարկության դնել: Բացի դրանից 42 ամերիկյան նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը փաստ է, այնպես որ մարտի 4-ին ընդունված բանաձեւը մեզ համար ոչ անակնկալ էր, ոչ էլ նոր մոտեցում: Միաժամանակ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` ՀՀ նախագահն ասաց. «Այսօր մենք Թուրքիայի հետ քննարկում ենք հարաբերությունների վերականգնման հեռանկարները: Դա պետք է տեղի ունենա առանց նախապայմանների, ենթադրում եմ, որ Թուրքիան մեզ մեղադրելու կամ պահանջներ ներկայացնելու բարոյական իրավունք պարզապես չունի: Չէ որ երբ դուք բանակցություններ եք վարում առանց նախապայմանների, դա նշանակում է, որ ազատ եք այս կամ այն թեման շոշափելու պարտավորությունից: Հակառակ դեպքում դուք արդյունք չեք ստանա: Օրինակ, ենթադրենք, որ հրաշք կկատարվի եւ Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի Արձանագրությունները, եւ նույնը կանի Հայաստանի խորհրդարանը: Եվ ահա մենք վերականգնում ենք հարաբերությւոնները, իսկ ինչ-որ երրորդ երկիր, որը դա չի ցանկանում, դիտավորյալ այդ պահին բարձրացնում է Ցեղասպանության հարցը: Եվ ինչ, Թուրքիան կօգտագործի՞ այդ առիթը մեր երկխոսությունն ընդհատելու համար»,- ընդգծել է Հայաստանի նախագահը: Նա նաեւ ասաց, որ Հայաստանի եւ Թուրքիայի հակասությունները երեկ չեն սկսվել, եւ հայ-թուրքական սահմանը փակ է 17 տարի: «Չէ ոչ 17 տարի առաջ մենք այդպիսի բանաձեւ չունեինք: Մենք հիանալի հասկանում ենք. Թուրքիան մեծ երկիր է թե տարածքի, թե բնակչության, թե հզորության առումով: Նա շատ ավելի մեծ է քան Հայաստանը: Եթե մենք ապրենիք վակուում , դա այլ խոսակցություն կլիներ, բայց մենք եւ Թուրքիան միջազգային հանրության մաս ենք, եւ նրա այլ անդամները` ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Եվրամիությունը հարեւան երկրների այս կամ այն դեպքերի եւ վերափոխումների վերաբերյալ պետք է ազդանշաններ ուղարկեն, գնահատականներ տան»,- ասել է Սերժ Սարգսյանը: Ընդ որում, մեկնաբանելով այն, որ չնայած Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, 2007-ին Երեւանի պետական համալսարանը նրան պատվո շքանշանի է արժանացրել, ՀՀ նախագահը հայտարարեց. «Դուք գիտեք, մենք չենք կարող ստիպել մեր հարեւաններին մտածել այնպես, ինչպես մենք ենք մտածում: Պետք չէ անհատականացնել պատվո շքանշանի արժանացնելու փաստը, չէ որ դրանով առաջին հերթին երախտագիտություն ենք հայտնում այն երկրի ժողովրդին, որին ներկայացնում է այս կամ այն քաղաքական գործիչը: Իսկ իրանցիները պատմականորեն մեր մոտ հարեւաններն են, եւ նրանք շատ կարեւոր են մեզ համար»: Նրա խոսքերով, այդ մոտեցումը շատ ընդունված է ժողովրդավարական երկրներում, հաղորդում է Euronews-ը: Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային կոմիտեում քվեարկությունից հետո բանաձեւը Ներկայացուցիչների պալատ կուղարկվի վերջնական քվեարկության համար: Հայոց ցեղասպանությունը, իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ.: Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին ու արտաքին քաղաքականություն: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը:

No comments: