Saturday, March 13, 2010

Դավութօղլու. Մենք չենք կարող ընդունել խորհրդարանների կողմից պատմական իրադարձությունների նկատմամբ որոշումների կայացումը

News.am. 13-3-2010Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ֆինլադիայում ԵՄ արտգործնախարարների կիսապաշտոնական հանդիպման ժամանակ զրուցել է Շվեդիայի իր գործընկեր Կառլ Բիլդտի հետ։ Զրույցը կապված է եղել մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության օրինագծի հետ։ Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ Դավութօղլուն հանդիպումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ «Մեր տեսանկյունից նման որոշումը մեծ սխալ է։ Մենք չենք կարող ընդունել խորհրդարանների կողմից պատմական իրադարձությունների նկատմամբ նման որոշումների կայացումը։ Այսքան հարազատ խորհրդարանից նման որոշում չէինք սպասում։ Պարոն Բիլդտին փոխանցեցի մեր սպասումները Շվեդիայից»,-նշել է Դավութօղլուն։ Լրագրողներից մեկի հարցին թե այսուհետ եվրոպական այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում՝ Թուրքիան ինչ քայլեր է ձեռնարկելու, Դավութօղլուն պատասխանել է, որ Թուրքիայի պատասխանը շատ կոշտ է լինելու։ «Թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Շվեդիայի կողմից ընդունված որոշումները անլուրջ են։ Այստեղ պարզ երեւում է, որ խնդիրը որոշ շրջանակների կողմից Թուրքիայից վրեժ լուծելն է։ Պարոն Բիլդտը այս կարծիքը եւս կիսել է»,-նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

No comments: