Saturday, March 13, 2010

ՆԱՏՕ-ի սեմինարին Թուրքիան ու Ադրբեջանը՝ ընդդեմ Հայաստանի

News.am. 12-3-2010- Հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը խոչընդոտում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, մասնավորապես նախօրեին Շվեդիայի խորհրդարանի ընդունած բանաձեւն ու ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը: Այդ մասին մարտի 12-ին Երեւանում ընթացող ՆԱՏՕ-ի 73-րդ «Ռոուզ Ռոթ» սեմինարին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Սուաթ Քընըքլըօղլուն: «Նման որոշումները կհանգեցնեն հայ-թուրքական գործընթացի վերջնական ձախողման»,- սպառնացել է նա: Ընդ որում, նա ընդգծել է, որ եթե գործընթացը ձախողվի, Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերություններն ավելի կվատանան, քան նախքան բանակցությունները, իսկ իրավիճակը տարածաշրջանում ավելի կսրվի: «Մենք ոչ մի դեպքում որպես կարգավորման պայման չենք դնում Ցեղասպանության հարցը, ուղղակի այդ հարցը եւ դրա միջազգային ճանաչումը բարդացնում են արձանագրությունների վավերացման հնարավորությունը: Եթե անգամ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքի ողջ խմբակցությունը եւ ասի, որ պետք է քվեարկել արձանագրությունների համար, դա տեղի չի ունենա, որովհետեւ քաղաքական մթնոլորտը խոչընդոտում է դրան: Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու է Հայաստանն արհեստական ժամկետներ դնում: Նախկինում Երեւանում խոսում էին արձանագրությունները մինչե հունվար, այժմ՝ մինչեւ ապրիլ ստորագրելու անհրաժեշտության մասին: Ասում էին, որ եթե Թուրքիան մինչեւ հունվար չվավերացնի արձանագրությունները, Երեւանը ետ կկանչի իր ստորագրությունը, բայց դա տեղի չունեցավ: Իսկ Թուրքիան մինչեւ ապրիլ էլ չի ընդունի այդ արձանագրությունները: Տեսնենք՝ թե ինչ կանի Երեւանն այս անգամ: Հայ-թուրքական սահմանը 17 տարի փակ է, կարելի եւ մի տարի էլ սպասել»,- հայտարարել է թուրքը՝ տարակուսանք հայտնելով, որ Երեւանը չի ցանկանում քննարկել Ցեղասպանության հարցը գիտական ենթահանձնաժողովի շրջանակներում, որ ստեղծվելու է արձանագրությունների վավերացումից հետո: «Եթե հայերը վստահ են իրենց իրավացիության մեջ, պետք է ապացուցեն իրենց ճշմարտացիությունը , եւ դա պարտադիր կլինի Անկարայի համար»,- հավաստիացրել է նա: Իր թուրք գործընկերոջն օգնության է շտապել ադրբեջանցի փորձագետ Իլգար Մամադովը, որը հայտարարել է, թե Սահմանադրական դատարանի որոշումից հետո անհայտ է, թե ինչ է տալիս Երեւանը հայ-թուրքական գործընթացում: «Ցանկացած բանակցություն առեւտուր է, ամեն մի կողմը պետք է մի բան տա»,- վրդովվել է ադրբեջանցին: Ըստ նրա՝ մինչ ՍԴ որոշումը հստակ էր, որ Հայաստանը պատրաստ է հրաժարվել Թուրքիայից հողային պահանջներից եւ, մասամբ, Ցեղասպանության միջազգային ճանաչումից, որը «ավելի շուտ համոզմունք է, քան պատմական փաստ»: Թուրք եւ ադրբեջանցի պատվիրակներին փորձել է հանգստացնել պատգամավոր Կարեն Ավագյանը, ով հայտարարել է, որ Հայաստանը երբեք մտադիր չէ քննարկել Ցեղասպանության փաստը, քանի որ դա քննարկման ենթակա չէ: «Զարմանում եմ, թե ինչու է Թուրքիան հույս ունեցել, որ հայ-թուրքական բանակցությունները կկանգնեցնեն Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը»,- նշել է Ավագյանը:

No comments: