Panorama.am. 16-3-2010- Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆուլը կոչ է արել Թուրքիային սեփական նավահանգիստներն ու օդակայանները բացել Կիպրոսի առջև և ջանքեր գործադրել Հայաստանի հետ հաշտվելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է «Ֆրանս-Պրես» գործակալությունը:
«Ես հնարավորություն ունեի ընդգծել, թե Եվրամիությունն ինչ նշանակություն է տալիս Թուրքիայի կողմից լրացուցիչ արձանագրության կատարմանը և Կիպրոսի հետ հարաբերությունները կարգավորելուն»,- հայտարարել է եվրահանձնակատարը Թուրքիայում Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպումից հետո:
Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիան հրաժարվում է կատարել արձանագրության դրույթները, որոնցով նախատեսվում է ապաշրջափակել ԵՄ անդամ Կիպրոսին: Թուրքիայի այդ մոտեցումը ԵՄ-ին ստիպել է Անկարայի հետ անդամակցության բանակցությունների օրակարգի 35 կետերից 8-ը սառեցնել:
Շտեֆան Ֆուլը երեկ կայացած ասուլիսում հայտարարել է, որ հիմնախնդիրը կարելի է լուծել, եթե 2008 թվականի սեպտեմբերից Կիպրոսի հույների ու թուրքերի միջև սկսված բանակցություններն արդյունավետ ելք ունենա:
«Մենք համամիտ ենք այն մտքին, որ Կիպրոսի հարցի համընդհանուր կարգավորումը պատմական ճեղքում կլինի` օգտակար թե Թուրքիայի, թե Եվրամիության համար»,- ասել է ԵՄ հանձնակատարը:
Իր հերթին Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ բանակցությունները չպետք է պայմանավորված լինեն «այնպիսի քաղաքական հիմնախնդիրներով, որոնք ուղղակի առնչություն չունեն ԵՄ անդամակցության գործընթացի հետ»: Թուրք նախարարը նման հիմնախնդիրների թվին է դասել նաև Կիպրոսի հարցը:
Ասուլիսում Շտեֆան Ֆուլն իր աջակցությունն է հայտնել նաև հայ-թուքրական կարգավորման գործընթացին:
Tuesday, March 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment