Thursday, March 25, 2010

Թուրքական լրատվամիջոցները Պետրոս Շիրինօղլուին ներկայացրել են որպես Թուրքիայի հայ համայնքի առաջնորդ

Tert.am. 24-3-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 26-ին հանդիպելու է պոլսահայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներից մեկի՝ Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ մեծահարուստ Պետրոս Շիրինօղլուի հետ: Թուրքական Sabah օրաթերթի փոխանցմամբ` հանդիպումը կայանալու է Շիրինօղլուի նախաձեռնությամբ: Թուրքական լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ Թայիփ Էրդողանը հանդիպում է պոլսահայ համայնքի երևելի ներկայացուցիչներից մեկի հետ Լոնդոնում իր հնչեցրած այն սպառնալիքներից հետո, թե հարկ եղած դեպքում Թուրքիայից ապօրինի բնակվող հայերը կարտաքսվեն: Թուրքական որոշ լրատվամիջոցներ, ի դեմս TRT հեռուստաալիքի, Պետրոս Շիրինօղլուին ներկայացրել են որպես պոլսահայ համայնքի ղեկավար: Այդ առնչությամբ հաղորդագրություն է տարածել Ստամբուլում գործող համացանցային HayTert լրատվամիջոցը: «Այսօր Թուրքիայի հեռուստաալիքները հաղորդեցին այն մասին, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունելու է հայ համայնքի ղեկավար և հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուին: Թուրքիայի հայ համայնքը ղեկավար չունի: Համայնքի ղեկավարի ինստիտուտը ձևավորված է հրեական համայնքում, սակայն ո՛չ հայերը, ո՛չ հույները համայնքի առաջնորդ չունեն»,- նշվում է հաղորդագրության մեջ:

No comments: