
News.am. 24-3-2010- Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Ջեկ Սթրոուն փորձում է խաղաղեցնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հոգում մոլեգնող կրքերը՝ նրան խոստանալով, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը չի ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը։ Այս մասին տեղեկացվում է Ուելսում գործող «Armenia Solidarity» հայկական կազմակերպության հաղորդագրության մեջ։
Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկումները նշանակված են մարտի 29-ին եւ նախաձեռնվել են բարոնեսա Քոքսի կողմից, ով բրիտանական կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղասպանության մասին ունեցած դիրքորոշումը եւ խորհրդարանի ստորին պալատում հաստատել Ցեղասպանության հիշատակման օրը։
Այնուհետեւ հաղորդագրության մեջ ասվում է, որ «արդարադատության նախարարը զարմացնում է իր ցինիկությամբ»։
«Օրինագծի ընդունման հնարավորությունները զրոյի են հավասար։ Ես դրանում կարող եմ հավատացնել յուրաքանչյուրին։ Բայց եթե անգամ այդ օրինագիծն անցնի, միեւնույնն է, Ցեղասպանության օրը երկրում չի հաստատվի։ Բրիտանական կառավարությունը եւ ընդդիմության նրկայացուցիչները չեն սատարի այդ նախագծին»,- հայտարարել է Սթրոուն։
Բայց «Armenia Solidarity»-ն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ «Լեյբորիստական կուսակցության պատգամավորների մեծ մասը պաշտպանում է այդ օրինագիծը։ Այն պաշտպանում են նաեւ բրիտանացի խորհրդարանականների մեծ մասը։ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հաստատում են, որ այս հարցի առնչությամբ նախարարների կաբինետում մեծ հակասություններ կան»։ Տեքստում նաեւ պատգամավորներին կոչ է արվում ճնշումներ գործադրել վարչապետի վրա։
No comments:
Post a Comment