Tuesday, March 16, 2010

Շավարշ Քոչարյան. «Ադրբեջանը չի հրաժարվում հիմնախնդրի էությունը, հակամարտության բուն պատճառները եւ բանակցային գործընթացը աղավաղելու փորձերից»

/PanARMENIAN.Net/ 15.03.2010 - Ադրբեջանը չի հրաժարվում հիմնախնդրի էությունը, հակամարտության բուն պատճառները եւ բանակցային գործընթացը աղավաղելու փորձերից: Նախ` անհրաժեշտ է արձանագրել, որ այսօր գոյություն ունի միայն մեկ փաստաթուղթ, որը կողմերը ընդունել են որպես հիմք բանակցությունների համար: Դա 2007 թվականի մադրիդյան փաստաթուղթն է: Միջնորդների կողմից պարբերաբար ներկայացվում են աշխատանքային առաջարկներ, որոնք քանի դեռ համաձայնեցված չեն կողմերի հետ, չեն կարող փոխարինել մադրիդյան փաստաթուղթը: Եթե Ադրբեջանը հերթական անգամ փորձ է կատարում հրաժարվելու մադրիդյան փաստաթղթից, ինչը նա անում էր մեկ տարուց ավելի փաստաթուղթը ընդունելուց հետո, ապա թող հայտարարի դրա մասին», - ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսպես է մեկնաբանել ԼՂ հակամարտության կարգավորման մասին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այսօրվա հայտարարությունը: Կարգավորման համաձայնեցված սկզբունքներն են` ժողովուրդների ինքնորոշումը, տարածաքային ամբողջականությունը եւ ուժի չկիրառումը: Մինչեւ ձեռք չբերվի համաձայնություն ԼՂ կարգավիճակի հարցում, անհնարին է ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի հետեւանքների վերացումը: Եթե Ադրբեջանը իրոք ցանկանում է վերացնել իր իսկ ագրեսիայի հետեւանքները, ապա նա պետք է պատրաստ լինի դուրս բերելու զորքերը իր օկուպացրած ԼՂՀ տարածքներից եւ ապահովել փախստականների վերադարձը, ասել է Շ. Քոչարյանը: «Ադրբեջանը շարունակում է աղավաղել միջազգային իրավունքը` հայտարարելով, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում ԼՂ ժողովրդի ինքնորոշման մասին: Իրականում, խնդիրը կայանում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման եւ դրա դեմ ուժ կիրառած Ադրբեջանի պատասխանատվության շրջանակներում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, ՄԱԿ-ի 4 նպատակներից է ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման հարգումը, իսկ տարածքային ամբողջականությունը ՄԱԿ-ի սկզբունքներից մեկն է այդ նպատակին հասնելու համար: Ադրբեջանը շարունակում է գործել, թե' ՄԱԿ-ի նպատակների, թե' ինքնորոշված ԼՂՀ-ի տարածքային ամբողջականության դեմ, ինչը հիմնական խոչընդոտն է բանակցություններում առաջընթաց ապահովելու հարցում», - ավարտում է իր մեկնաբանությունը Շավարշ Քոչարյանը:

No comments: