Tuesday, March 30, 2010

Պատերազմի սպառնալիքն իրական է. Սամվել Բաբայան

Tert.am. 30-3-2010- «Զիջումների մասին խոսքերը լկտիացնում են հակառակորդին: Հակառակորդն այդքան չկա, որ մենք նվաստանում ենք: Հենց որ պատրաստ լինի, թող այն ժամանակ էլ գա ու բանակցի»,- այսօրվա ասուլիսին ասաց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը: Նրա խոսքով` ստեղծված իրավիճակում հնարավոր է հայ-ադրբեջանական պատերազմի բռնկում: «Այո, պատերազմի սպառնալիքն իրական եմ համարում: Ադրբեջանը որևէ բան չտալու, բայց ստանալու քաղաքականություն է վարում: Դա տանում է դեպի պատերազմ»,- նշեց Բաբայանը: Նրա խոսքով` մենք այս պատերազմում դատապարտված ենք հաղթելու, քանի որ այլ ճանապարհ չունենք: «Ադրբեջանը կարող է ետ քաշվել, բայց մենք այդ ճանապարհը չունենք»,- հայտարարեց բանախոսը: Այն հարցին, թե պատրա՞ստ է արդյոք Հայաստանը նման պատերազմի, բանախոսը նշեց, որ պատրաստ լինելը ժամանակի ընթացքում է ձևավորվում: «Չկա մի բանակ, որն ամբողջությամբ պատրաստ լինի պատերազմների»,- ասաց նա: Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` տարածքային զիջումների մասին հայտարարություններին` նա ասաց, որ այս փուլում փոխզիջումների մասին խոսք լինել չի կարող, և նմանօրինակ բոլոր հայտարարություններին և կարծիքներին պետք է միայն քաղաքական ենթատեքստում նայել: Սամվել Բաբայանը նաև նշեց, որ խնդիրը ոչ ռազմական բյուջեն է, ոչ էլ մարդկանց քանակը. պատերազմը տակտիկապես այլ քայլերով են հաղթում: Նա նշեց, որ ԼՂՀ հարցի լուծման քաղաքական պահը Հայաստանը կորցրել է 1994 թվականին. հենց այն ժամանակ պետք էր պարտադրել վերջնական փաստաթուղթ ստորագրել: Նա նշեց, որ Ադրբեջանին զսպող հիմնական գործոնն այն է, որ այդ երկիրն այսօր պատրաստ չէ պատերազմի և վախենում է պարտությունից: ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարեց, որ այս հակամարտության կարգավորման հարցում չպետք է հույսը դնել այլ ուժերի վրա: «Ոչ մի կողմ չի կարող մասնակցել, այլ կարող են միայն կարծիքներ հայտնել»,- ասաց նա` հավելելով, որ Հայաստանին չի փրկի անգամ ՀԱՊԿ անդամակցությունը:

No comments: