Tuesday, March 30, 2010

Գերմանիայի կանցլերը դեմ է Թուրքիայի անդամակցությանն ԵՄ-ին

/PanARMENIAN.Net/ 30.03.2010 - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կրկին հայտարարել է, որ շարունակում է այն կարծիքին մնալ, որ Թուրքիային հարկավոր չէ լիարժեք անդամակցություն տրամադրել ԵՄ-ում: Անկարա կատարած պաշտոնական այցի առաջին օրը նա ասել է նաեւ, որ Թուրքիան չպետք է բացասական տեսակետից դիտարկի «արտոնյալ կարգավիճակի» առաջարկը: Հանդիպմանը, բացի այդ, դրսեւորվեցին տարաձայնություններն Իրանի ու Կիպրոսի հարցում, ինչպես նաեւ Գերմանիայում թուրք երեխաների թուրքերենով սովորելու հարցում: Բոլոր կարեւոր հարցերի շուրջ կանցլեր Մերկելն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայփ Էրդողանը տարբեր տեսակետներ են հայտնել: Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ հնարավոր է համարում Թուրքիայի ինտեգրումը ԵՄ օրենսդրության 28 եւ 35 կետերով, որոնց պետք է համապատասխանի երկիրը, դաշինքի լիիրավ անդամ դառնալուց առաջ: Անկարայում համատեղ մամլո ասուլիսից առաջ նա հայտարարել է, որ «խաղի կանոնները փոխվել» են 2005 թվականից: «Անդամակցության մասին բանակցությունները մի գործընթաց է, որ վերջնական ամսաթիվ չունի: Ես գտնում եմ, որ մենք պետք է աշխատնեք այդ գործընթացի վրա»,-ասել է նա: Վարչապետ Էրդողանը ոչինչ չասաց, սակայն նախկինում նա հայտնել է իր վրդովմունքն այն առնչությամբ, որ «կանոնները փոխվում են խաղի ընթացքում»: Թուրքիայի կառավարությունը վճռականորեն մերժում է Գերմանիայի առաջարկը որպես պայմանների խախտում, որոնք համաձայնեցվել էին հինգ տարի առաջ բանակցությունների մեկնարկի պահին: Անգելա Մերկելի այցը հազիվ թե օգուտ տա ԵՄ-ի ու Թուրքիայի առանց այդ էլ դժվարին հարաբերություններին: Իրանի վերաբերյալ Մերկելը ցանկանում է հասնել նրան, որ Անկարան սատարի միջազգային պատժամիջոցներին, այն դեպքում երբ Էրդողանն անվանում է դրանք հակաարդյունավետ ու երկերեսանի: Թուրքիան վերջերս ամրապնդել է իր հարաբերություններն Իրանի հետ եւ դեմ է հանդես գալիս առավել կոշտ պատժամիջոցներին, որոնցով սպառնում են Իրանին արեւմտյան երկրների կառավարությունները: Երկու երկրների նախագահները համաձայնության չեն եկել նաեւ Կիպրոսի հարցում: Գերմանիայի կանցլերը կոչ է արել շուտափույթ կերպով լուծել Թուրքիայի կողմից կիսված կղզու կառավարությունը ճանաչելու հարցը, հաղորդում է BBC News-ը: Թուրքիան սկսել է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները 2005 թվականին: ԵՄ-ի նախատիպը հանդիսացող Եվրոպական տնտեսական ընկերակցության հետ Թուրքիան 1963 թ-ն ստորագրել է պայմանագիր, որում ճանաչվում էր միությանը անդամակցելու երկրի իրավունքը: 1978-1979թթ. Թուրքիային Հունաստանի հետ միասին հրավիրում էին անդամակցել ԵՏԸ-ն, սակայն Թուրքիան հրաժարվեց: 1980 թ-ի ռազմական հեղաշրջումից հետո Եվրոպան կասեցրեց իր հարաբերությունները Անկարայի հետ: Բանակցությունները վերսկսվեցին միայն 1983 թ-ց հետո: Այնուամենայնիվ, 1997 թ-ն կայացած գագաթնաժողովին ԵՄ-նը հրաժարվել է Թուրքիային ճանաչել ԵՄ-ն անդամակցելու թեկնածու: Այդ իրավունքը նա ստացավ միայն 2000 թ-ն այն պայմանով, որ երկիրը կբարելավվի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի օրենսդրությունը: 2002 թ-ի օգոստոսին Թուրքիայի խորհրդարանը հաստատել է բարեփոխումների ծրագիրը: Եվ 2004 թ-ի հոկտեմբերին Եվրահանձնաժողովը հավանություն տվեց Թուրքիայի ԵՄ-ն անդամակցության վերաբերյալ բանակցությունների մեկնարկին: Թուրք-եվրոպական հարաբերությունները բարդանում են նրանով, որ Թուրքիան չի ցանկանում ճանաչել Կիպրոսի անկախությունը, որը 2004 թ-ն անդամակցում է ԵՄ-ը: 1974 թ-ն Թուրքիան օկուպացիայի է ենթարկել կղզու հյուսիսային մասը, եւ այդ ժամանակից ի վեր նրա կառավարությունը չի ճանաչում հարավային կառավարության` հունական մասի լեգիտիմությունը:

No comments: