Tuesday, March 30, 2010

Լոնդոնում քննարկվել է ցեղասպանության հարցը. Ժխտման քաղաքականությունը սպառնալիքի տակ է դնում ողջ աշխարհը

News.am. 30-3-2010- Արդեն վաղուց եկել է Հայոց ցեղասպանությունն ընդունելու ժամանակը, հատկապես հաշվի առնելով, որ այս տարի լրանում է 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը: Այս մասին հայտարարել է բարոնուհի Քերոլայն Քոքսը, հանդես գալով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լոդերի պալատում քննարկումների ժամանակ: Նրա խոսքով, ներկայումս թուրքական իշխանությունները ժխտում են, որ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածներ են տեղի ունեցել եւ դեմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: «Թուրքիայի իշխանությունները պետք է դադարեն խեղաթյուրել պատմությունը: Հայոց ցեղասպանության ժխտումը պատմական ճշմարտությունից հրաժարվել է նշանակում: Իրական փաստերից հրաժարումը վկայում է այն մասին, որ Ցեղասպանությոն, իսկապես, եղել է: Այդ իրադարձությունները չի մոռացվի մարդկության կողմից, քանի որ սպանվել է մի ամբողջ ժողովուրդ, այդ թվում կանայք ու երեխաներ: 1915-ի գարնանը հայերը տեղահանվել են, իսկ տղամարդկանց առանձնացրել ու սպանել են: Ցեղասպանության ժխտումը բերում է անպատժելիության: Ժխտման քաղաքականությունը հանգեցրել է հայկական քաղաքակրթության ոչնչացման մշակույթի ոլորտում, այդ թվում նաեւ ԼՂՀ-ում: Ակնհայտ է, որ իրականացվել են էթնիկ զտումներ: Ամեն տարի հայերը իրենց հարգանքի տուրքն են մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ժխտման քաղաքականությունը սպառնալիքի տակ է դնում ողջ աշխարհին»,- ընդգծել է բարոնուհի Քոքսը: Քննարկումների ժամանակ ելույթ ունեցողներից մեկը հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանության հարցը շոշափվել է անգամ թուրք գրողների ստեղծագործություններում: Նրա խոսքով, Հրանտ Դինքի սպանությունն ապացուցում է, որ հայերը հետապնդվում են անգամ ժամանակակից Թուրքիայում: Թուրքիան քաղաքական ճնշում է գործադրում մամուլի վրա, ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայերի ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումից հետո: Թուրքիայի վարչապետ Էրդողանն այս ամիս պաշտոնական այց կատարելով Մեծ Բրիտանիա, դեմ է արտահայտվել այդ բանաձեւին, սպառնալով իր երկրից վտարել 100 հազար հայերին: Ես նրան 1915 թվականի դեպքերի առնչությամբ բաց երկխոսություն կոչ եմ անում, առաջարկելով սկսել «Կապույթ գրքից» եւ փորձել հաղթահարել 100-ամյա թշնամությունը: Բացի այդ, ելույթ ունեցողները նշել են, որ 1915-ին թուրքական կառավարությունը ծրագրել է հայերի զանգվածային սպանություններ եւ դա հայ-թուրքական հարաբերությունների ավարտն է եղել: «Թուրքիան կարող էր ներողություն խնդրել Հայաստանի կառավարությունից այն գրողներին հետապնդելու եւ աքսորելու համար, որոնք գրել են ճշմարտությունը Թուրքիայում տեղի ունեցած այդ սարսափելի դեպքերի մասին»,- հայտարարել են նրանք: Միաժամանակ, հնչել են նաեւ ցեղասպանության ճանաչման դեմ կարծիքներ: Մասնավորապես, ելույթ ունեցողներից մեկը հայտարարել է, որ «նպատակահարմար չէ մանրամասն կանգ առնել 100-ամյա հնության իրադարձությունների վրա: Շատ ավելի լավ կլիներ լուծել ԼՂ խնդիրը, ոչ թե քննարկել, թե ինչ է եղել 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում: Ոչ մի արդարացում գոյություն չունի երկու կողմերի համար էլ, բայց իմ կարծիքով, հայերի եւ ռուսների քայլերն են հրահրել հակամարտություն, որը փաստացի հանգեցրել է բազմաթիվ մարդկանց մահվան: Մեծ Բրիտանիան պետք է հիշի, որ Քեմալ Աթաթուրքը իր դաշնակիցն է եղել եւ մենք շնորհակալ ենք նրան, որ Թուրքիան մասնակցել է Եվրոպայի ազատագրմանը: ԱՅդ պատճառով, ես կարծում եմ, որ մենք պետք է շատ զգույշ լինենք, որպեսզի չվանենք մեր թուրք դաշնակիցներին, հաշվի առնելով այն փաստը, որ ԱՄՆ Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովը կողմ է քվեարկել այդ բանաձեւին»: Մեկ այլ ելույթ ունեցող էլ նշել է, որ հայ բնակչությունը ոչնչացվել է ամենադաժան եւ բարբարոսական միջոցով, որ դա եղել է մարդկության եւ հայության դեմ գործած հանցագործություն: «Այդ իրադարձությունները չեն կարող մոռացվել, բայց հայերը պետք է առաջ ընթանան: Հայերն ու թուրքերը պետք է ապրեն հանուն ապագայի: Նրանք հաշտության վերաբերյալ դիվանագիտական արձանագրություններ են ստորագրել, բայց այդ գործընթացը փակուղի է մտել, չնայած ԱՄՆ կողմից ճնշումներին: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ ՀՀ խորհրդարանը կվավերացնի արձանագրություններ, հենց որ դրանք վավերացվեն Թուրքիայում: Եթե Թուրքիան չանի դա ողջամիտ ժամկետներում, Հայաստանը հետ կկանչի իր ստորագրությունը: Իշխանությունները պետք է միասին աշխատեն եւ վավերացնեն արձանագրությունները որքան հնարավոր է շուտ: Երկու ժողովուրդների միջեւ հարաբերություններ հաստատելու հարցում հաջողության հասնելուց հետո, Էրդողանը սպառնում է վտարել 100 հազար հայերին, որոնք անօրինականորեն ապրում են Թուրքիայում: Թուրքիայի ԵՄ անդամության հեռանկարը կստիպի Թուրքիային փոխել իր դիրքորոշումը կառուցողական իմաստով եւ ուսումնասիրել իր անցյալը»,- ընդգծել է նա եւ կոչ արել ազատ պատմական քննարկում ծավալել: Նշենք, որ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում «Իրադարձությունները Հայաստանում 1915-17 թվականներին» թեմայով քննարկումների նախաձեռնողը եղել է բարոնուհի Քերոլայն Քոքսը:

No comments: