Tuesday, March 30, 2010

Անգելա Մերկել. պետք է զարգացնել հայ-թուրքական հարաբերությունները

Tert.am. 30-3-2010- Անհրաժեշտ է հնարավորինս զարգացնել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները: Այս մասին, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Ի պատասխան գերմանացի լրագրողներից մեկի այն հարցին, թե հանդիպման ժամանակ արդյո՞ք քննարկվել են Միացյալ Նահանգների և Շվեդիայի օրենսդիրների կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերը, Թուրքիայի վարչապետը հայտարարել է. «Այդ թեման քննարկվել է: Ըստ էության, հարցի առնչությամբ մեր դիրքորոշումը հստակ է: Դա թողենք պատմաբաններին, դրանով թող նրանք զբաղվեն: Այդ հարցի կարգավորման տեղը խորհրդարանները չեն: 2005թ. պարոն Քոչարյանին մի նամակ էի գրել, սակայն մինչև օրս այդ նամակի պատասխանը չեմ ստացել»: Թուրքիայի վարչապետն ընդգծել է, որ տարբեր երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունումը բացասաբար է ազդում Հայաստանի և Թուրքիայի միջև մեկնարկած հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա: Իր հերթին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, կարևորելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտարարել է. «Հարկ է հնարավորինս զարգացնել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները: Այդ ուղղությամբ հուսադրող քայլեր կան»:

No comments: