Tuesday, March 30, 2010

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ԶԻՋԻ

ԻՆՉՈՒ ԵՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ՀԵՏ ՇՐՋԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ «Լրագիր» 30-3-2010 - Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի առաջարկները հետ են “դարձվել” 1997 թվականի փուլային տարբերակի իրավիճակին: Այդ գնահատականը մարտի 30-ին տվել է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը: “Այո, կարելի է համարել, որ մենք վերադարձել ենք, ըստ փաստաթղթի, 97 թվական”, ասում է Սամվել Բաբայանը: Նա ասում է, որ երբ հայտարարում է ինչ որ բան, ապա դա անում է հստակ տեղեկատվություն ունենալով: Լրագրողները հարցրել են, թե ինչն է պատճառը, որ միջնորդները “շրջել” են իրադրությունը դեպի 97 թվական` Հայաստանի թուլությո՞ւնը, թե իրենց սխալ հաշվարկը: “Ես գտնում եմ, որ միջնորդները փորձել են կողմերին լսելով ինչ որ ձեւակերպումներ անել, ինչ որ փորձել մինչեւ այդ 3-4 փաստաթուղթ ներկայացրել են ադրբեջանական կողմին` չի ընդունել, ասենք, մի քիչ լղոզված փորձել հայկական կողմին այս անգամ մոտեցնել այդ տեսակ, որն իմ կարծիքով իրանց մոտ չի ստացվել, եւ ճիշտ հակառակը` փակուղի են տանում”, ասում է Սամվել Բաբայանը: Միեւնույն ժամանակ, նա նշում է, որ իրավիճակն այդքան էլ սուր չէ, ինչքան ներկայացվում է: “Ասենք վիճակը էդքան սուր չի, ինչքան մենք փորձում ենք ցույց տալ: Ընդհանրապես Ադրբեջանի կողմից ընդունված փաստաթուղթը, որը ընդունվել է վերջերս ու դրոշակ են սարքել եւ փորձում են դա ցուցադրել, նման չորս առաջարկ եղել է, որը որ Ադրբեջանն է մերժել: Ես տվյալ հարցին շատ սուր չէի նայի: Հանգիստ կարելի է ընդունել եւ որեւիցե հիմա լուրջ բան չեմ տեսնում այս փուլում: Ընդհանրապես քաղաքական որոշում Ղարաբաղի հարցով չեմ տեսնում մոտակա ժամանակները, ասենք մի քանի տարի: Նման բան չկա: Մենք ավելի շուտ պետք ա պատրաստ լինենք տնտեսապես հզորանալու եւ ապագան կառուցելու հզոր պետության վրա, որպեսզի կարողանանք դիմակայել հակառակորդի լկտիությանը”, ասում է Սամվել Բաբայանը: Նա չի հավատում, որ մոտ ապագայում կլինի պայմանագիր կամ որեւէ այլ փաստաթուղթ: “Այն բոլոր հայտարարությունները, կամ կարծիքը, որը որ Սերժ Սարգսյանը հայտարարում է, իմ կարծիքով պետք է նայել միայն ու միայն քաղաքական կոնտեքստում: Իսկ իշխանափոխություն, չեմ տեսնում նման սուր իրավիճակ Ղարաբաղի հարցում, որ իշխանափոխության հասցնի”, ասում է Սամվել Բաբայանը: Հարցին, թե նորմալ է արդյոք համարում, որ Հայաստանում նախագահի մակարդակով հնչում է տարածք հանձնելու պատրաստակամություն, ու քաղաքական որեւէ ուժ լուրջ քննադատության չի ենթարկում դա, եւ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում բոլորը պատրաստ են տարածք կարգավիճակի դիմաց բանաձեւին, Սամվել Բաբայանը պատասխանում է. “Խնդիրը ընդհանրապես այս փուլում խոսել փոխզիջումների մասին, իմաստ չունի, քանի որ մեր դիմացինը, հակառակորդը, Ադրբեջանը, որեւիցե փոխզիջումից չի խոսում: Նա խոսում է` այսօր, անմիջապես ու ամբողջովին վերադարձնել: Նման դեպքում, երբ բանակցող կողմը, նման ձեւ ա ձեւակերպում, ինչքան էլ ուզում ենք մենք ասենք փոխզիջում, պայմանագիր ստորագրենք պատերազմի վերսկսման, եւ այլն, եւ այլն, անիմաստ է: Անիմաստ է ուղղակի: Մենք դրանով դրդում ենք, ճիշտ հակառակը, նոր զարգացումների: Իմ կարծիքն է դա: Ես սխալ եմ համարում ընդհանրապես խոսել այս փուլում, քանի դեռ չի խոսել Ադրբեջանը փոխզիջումների մասին, խոսել փոխզիջումներից կամ ինչ որ տարածքները հետ տալուց”: Լրագրողները հարց են տվել նաեւ, թե գուցե Հայաստանի իշխանությունը չի կարող չխոսել փոխզիջումների մասին, որովհետեւ դա այն գինն է, որ վճարվում է կեղծված ընտրությունների, մենաշնորհների, օլիգոպոլիաների ստեղծման եւ պահպանման հարցում միջազգային հավանություն ապահովելու համար: “Չեմ կարծում, որովհետեւ 94 թվականից սկսած այդ նույն հայտարարությունը անում են: Այն ժամանակ դեռ չէին էլ պատկերացնում կամ հասկանում, այդ մարդիկ, որ օլիգարխիա, կամ մոնոպոլիա պահելու կամ չգիտեմ այլ հարցեր լուծելու համար էին դա հայտարարում: Ոչ: Ուղղակի, մեր ազգային մենթալիտետն եմ համարում, որ փորձում ենք միշտ ավելի գումաննի լինենք, քան կանք: Ես ավելի հասարակ եմ նայում խնդիրներին, չեմ ուզում բարդացնել այդ կերպ”, ասում է Սամվել Բաբայանը:

No comments: