Thursday, March 25, 2010

Շվեդ քաղաքական գործիչ. Թուրքիան ավելի մոտ կլինի ԵՄ-ին, եթե հաշտվի իր պատության մութ էջերի հետ

News.am. 24-3-2010- «Հայոց ցեղասպանության ապացույցներն ավելի քան բավարար են: Այդ մասին այսօր խոսում են անգամ որոշ թուրք մասնագետներ»,- մարտի 24-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Շվեդիայի Քրիստոնեա-սոցիալիստական դեմոկրատական կուսակցության նախագահ Պետեր Վեյդրուդը: Նրա խոսքով` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը շվեդական խորհրդարանի քննարկման թեմա է եղել շուրջ 10 տարի, եւ միայն այս տարի հնարավոր եղավ ձայների մեծամասնություն ապահովել: Ընդ որում Շվեդիայի խորհրդարանում քննարկվել է նաեւ այն հարցը, թե արդյո՞ք ցեղասպանության հարցը քվեարկության դնելու ժամանակն է, արդյո՞ք այն չի խանգարի հայ-թուրքական երկխոսությանը, սակայն, ըստ Վեյդրուդի, «ինչքան շատ ենք ձգձգում, այնքան վատ է լինում»: Նա նաեւ ընդգծել է, որ թեեւ Շվեդիայի կառավարությունը կտրականապես դեմ էր օրինագծի ընդունմանը, եւ ընդդիմությունը միայն մեկ ձայնի տարբերությամբ շահեց գործը, այնուամենայնիվ, «շվեդական խորհրդարանում չկա մի կուսակցություն, որը կասկածի տակ դնի Հայոց ցեղասպանության փաստը»: Վեյդրուդն անդրադարձել է նաեւ Թուրքիայի ԵՄ անդամակցության խնդրին, նշելով, որ Շվեդիան մշտապես կողմ է եղել Թուրքիայի անդամակցությանը եւ շարունակելու է աջակցել նրան այդ հարցում, սակայն, ըստ նրա, այդ երկիրը ավելի մոտ կլինի ԵՄ-ին, եթե հաշտվի իր պատության մութ էջերի հետ:

No comments: