Tert.am. 16-3-2010- Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական ամենախոշոր ընդդիմադիր կուսակցությունից պատգամավոր Ջանան Արըթմանը, ի հակազդեցություն աշխարհում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունման, առաջարկել է Թուրքիայից վտարել ապօրինի բնակվող` Հայաստանի քաղաքացիներին:
Մարտի 15-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Շվեդիայի Ռիկսդագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունման առնչությամբ տեղի է ունեցել դռնփակ նիստ` արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի մասնակցությամբ:
Թուրքական Radikal օրաթերթի փոխանցմամբ` նիստում Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական և «Ազգայնական շարժում» կուսակցությունների պատգամավորներն առաջարկել են ամենաարմատական միջոցներով հակազդել բանաձևերի ընդունմանը, ինչպես օրինակ` խորհրդարանից հետ կանչել Հայաստանի և Թուրքիայի ստորագրած Արձանագրությունները, փակել ամերիկյան Ինջիրլիք ռազմակայանը:
Ընդդիմադիր խորհրդարանական Ջանան Արըթմանը Թուրքիայում ապօրինի բնակվող և աշխատող հայաստանցիներին վտարելուց բացի առաջարկել է նաև Թուրքիայի քաղաքացիությունից զրկել Շվեդիայի Ռիկսդագի ազգությամբ թուրք բոլոր այն խորհրդարանականներին, ովքեր կողմ են քվեարկել բանաձևը ընդունմանը, թույլ չտալ Թուրքիա մուտք գործել բանաձևին կողմ քվեարկած բոլոր խորհրդարանականներին:
Իսկ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն, ի պատասխան խորհրդարանից Արձանագրությունները հետ կանչելու թուրքական ընդդիմության պահանջներին, հայտարարել է, որ Արձանագրությունները գործիք են` ուղղված աշխարհում Թուրքիայի մասին ձևավորված անհաշտի կերպարը վերացնելուն, և շարունակելու են մնալ խորհրդարանում:
Tuesday, March 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment