Tuesday, March 16, 2010

ԱՆԿԱՐԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ՎԱՇԻՆԳՏՈՆԻՑ

Որպեսզի բանաձեւը չմտնի Ներկայացուցիչների պալատ եւ Օբաման ապրիլի 24-ին «ցեղասպանություն» բառը չարտասանի «ԱԶԳ», 16-03-2010- «Ազգը» նախորդ համարում, անդրադառնալով Շվեդիայի խորհրդարանի ցեղասպանության բանաձեւն ընդունելու մարտի 11-ի որոշմանը, նշել էր, որ Թուրքիան դրան արձագանքեց բուռն հակազդեցությամբ եւ չեղյալ հայտարարեց վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանիՙ մարտի 17-ին Ստոկհոլմ նախատեսվող այցը: Կառավարամետ «Ենի շաֆաքը» երեկ, վկայակոչելով պետնախարար Զաֆեր Չաղլայանին, տեղեկացրել է նաեւ մինչեւ ապրիլի 24-ը Թուրքիայից ԱՄՆ բոլոր տեսակի այցելությունները սառեցնելու կառավարական որոշման մասին: Ըստ երեւույթին, բացառություն էր կազմում վարչապետ Էրդողանի այցելությունըՙ մասնակցելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնությամբ ապրիլի 12-13-ը Վաշինգտոնում «Միջուկային զենքից զերծ աշխարհ» նշանաբանով հրավիրվող գագաթաժողովին, որ նախարարների խորհրդի երեկվա նիստում քննարկման էր դրվել մասնակցության հարցը: Հոդվածը գրի առնելու պահին նիստը դեռեւս շարունակվում էր: Այսինքնՙ քննարկման արդյունքները հայտնի չէին: Սակայն, անկախ արդյունքներից, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի գլխավորությամբ մի խումբ նախարարներ, ինչպես երեկվա համարում նշել է «Միլլիեթը», պատճառաբանելով, թե ԱՄՆ-ն Թուրքիայի կարիքն ունի, ուստի Անկարան մինչեւ ապրիլի 24-ը չպետք է ընկրկի Վաշինգտոնի առջեւ, դեմ էին, որ Էրդողանը մեկնի: Մյուս խումբը, ընդհակառակը, ելակետ ընդունելով աշխարհում ԱՄՆ-ի միակ լիարժեք գերտերություն լինելու հանգամանքը, պահանջում էին, որ Անկարան հրաժարվի Վաշինգտոնի նկատմամբ որդեգրած լարվածության քաղաքականությունից, իսկույն հետ ուղարկի իր դեսպանին, որպեսզի ի վիճակի լինի լոբբիստական գործունեությամբ հակակշռել ցեղասպանության ճանաչման հայկական ջանքերին եւ վերականգնել երկկողմ հարաբերությունների նախկին մակարդակը: Խնդիրը, սակայն, նախարարների խորհրդի նիստը չէ, ոչ էլ նրանց տարակարծությունը, այլ ապրիլի 12-13-ին, այսինքնՙ ապրիլի 24-ի նախօրեին, գագաթաժողովի շրջանակում նախագահ Օբամայի հետ հանդիպելու վարչապետ Էրդողանի հնարավորությունը: Դրա կարիքը, հակառակ արտգործնախարար Դավութօղլուի, զգում է ոչ թե Վաշինգտոնը, այլ հենց Անկարան: Ինչո՞ւ: Այդ հարցին պատասխանում է նույն «Միլլիեթը»: Ահա թե ինչ է գրում թուրքական թեթը. «Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմամբ սկզբնավորված իրադարձությունների շարանը «լուրջ» համարվող ճգնաժամի շեմին է կանգնեցրել թուրք-ամերիկյան հարաբերությունները: Այդ ճգնաժամին մեկնարկ տվեց ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանի հետկանչը, իսկ վարչապետ Էրդողանիՙ Վաշինգտոնին հասցեագրած «հստակ դիրքորոշում» ցուցաբերելու պահանջով դա վերաճեց դիվանագիտական շախմատի: Երկկողմ հարաբերությունների վերականգնման համար Անկարան Վաշինգտոնից «զույգ երաշխիքներ» է պահանջում: Վերջին օրերին թուրքական կառավարությունը պաշտոնական եւ ոչ պաշտոնական խողովակներով Վաշինգտոնից երաշխիքներ է պահանջում, որ ցեղասպանության բանաձեւը քննարկման չդրվի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում եւ նախագահ Օբաման ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում չարտասանի «ցեղասպանություն» բառը: Սակայն Օբամայի վարչակարգն ու ԱՄՆ պետքարտուղարությունը, պատճառաբանելով, թե «չեն կարող Կոնգրեսի անունից պարտավորություններ ստանձնել», խուսափում են Անկարային գրավոր կամ բանավոր երաշխիքներ տալուց: Թեեւ չի ենթադրվում, որ հանձնաժողովում ընդամենը մեկ ձայնի առավելությամբ ընդունված բանաձեւը ներկայացվի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստին, սակայն ԱՄՆ Կոնգրեսն ունի «ազգային կամքն» արտացոլող մարմնի համարում, ուստի Վաշինգտոնը դժվարանում է որեւէ կերպ պարտավորվել: Նույն դժվարության առջեւ է կանգնած նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունն Օբամայի ապրիլի 24-ի ուղերձի հարցում, որը նախքան նախագահ ընտրվելը «ցեղասպանություն» բառն արտասանել էր եւ Թուրքիայի ազգային մեծ ժողովում ունեցած ելույթով հասկացրել էր, որ ինքն իբրեւ ցեղասպանություն է որակում 1915-ի իրադարձությունները, ուստի հրաժարվում է ուղերձի առումով որեւէ երաշխիք տալ Անկարային: Թեեւ ենթադրվում է, որ անցյալ տարի 1915-ի իրադարձությունները հայերենով «Մեծ եղեռն» բնութագրած Օբաման այս տարի եւս կխուսափի ցեղասպանություն բառի օգտագործումից, այնուամենայնիվ, Անկարան գրավոր կամ բանավոր երաշխիքի պահանջով ծանր կացության մեջ է դրել ինչպես Սպիտակ տանը, այնպես էլ պետքարտուղարությանը»: Վերջում «Միլլիեթը» գրում է, որ Վաշինգտոն մեկնելու դեպքում վարչապետ Էրդողանը ոտքի վրա ոչ պաշտոնական հանդիպում կունենա նախագահ Օբամայի հետ, շուրջ 5-10 րոպե տեւող այս հանդիպումները երբեմն ձգվում են մինչեւ 45 րոպե, ամերիկյան կողմը հավանական է համարել Օբամա-Էրդողան հանդիպումը, իսկ թուրքականըՙ հաստատել: ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: