Wednesday, March 31, 2010

Թուրք փաստաբանը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

/PanARMENIAN.Net/ 31.03.2010 - Քաղաքացիական գործերով թուրքական դատարան է դիմել փաստաբան Բենդալ Ջելիլ Էզմանը, որը պահանջել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Փաստաբանի հայցում պահանջվում է մեղավոր ճանաչել Թալաաթ փաշային եւ նրա կողմնակիցներին եւ վերանվանել Թալաաթ անունը կրող փողոցներն ու պուրակները, հաղորդում է Haberiturk-ը: Թուրք փաստաբանը պահանջում է, որպեսզի հետաքննություն անցկացվի մարդկության հանդեպ հանցագործության եւ հանցանք կատարած մարդուն կամ հանցագործությունը գովերգելու մասին Թուրքիայի ՔՕ հոդվածներով: «Թուրքիայում առաջին անգամ է տեղի ունենալու այդպիսի դատ: Թուրքիան պետք է հաշիվ տա իրեն իր անցյալի համար: Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, ուրեմն այդպիսին է Տիրոջ կամքը»,- ասել է Էզմանը, որը մասնակցել է «Հայեր, ներեք մեզ» ինտերնետ-ակցիային: «Հայեր, ներեք մեզ» հանրագիրը Ինտերնետում տեղեկայվեց 2008 թվականի դեկտեմբերի 15-ին: Այս նախաձեռնության հեղինակներն են Ստամբուլի Բախչելիի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բաշքին Օրանը եւ Թուրքիայի ակադեմիական շրջանակների, լրագրողների եւ հասարակական գործիչների եւս 200 ներկայացուցիչներ: Հանրագրի տակ ստորագրել են մոտ 30 հազար հոգի: «Ես չեմ կարող հաշտվել Օսմանյան կայսրությունում հայերին պատուհասած աղետի եւ դրա ուրացման հետ: Ես մերժում եմ անարդարությունը, գործում եմ սեփական կամքով, կիսում եմ իմ հայ եղբայրների ու քույրերի զգացմունքներն ու ցավը եւ ներողություն եմ խնդրում նրանցից»,- ասվում է փաստաթղթում: Հայոց ցեղասպանությունը, իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ.: Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին ու արտաքին քաղաքականություն: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը:

No comments: