Monday, March 15, 2010

Radikal. Թուրքիան արտաքին քաղաքականությունում կորցրել է սառը դատողությունը եւ ինքնատիրապետումը

News.am. 15-3-2010- Թուրքական հայտնի Radikal-ի թղթակից Ջենգիզ Չանդարը իր հրապարակման մեջ անդրադարձել է վերջին իրադարձությունների հետ կապված Թուրքիայի պահվածքին եւ հանդես եկել հետաքրքիր ձեւակերպումներով: «Թուրքական արտաքին քաղաքականությունը դուրս է եկել կառավարումից, կորցրել է սառը դատողությունը եւ հայտնվել ինքնատիրապետումը կորցրածի վիճակում` դաշնակից երկրների խորհրդարանններում Հայոց ցեղասպանության նախագծերի ընդունման կամ օրակարգում հայտնվելու պատճառով: Անցյալ շաբաթ նախ Վաշինգտոնից հետ կանչվեց դեսպան Նամըք Թանը, ապա նույնը տեղի ունեցավ Ստոկհոլմում Թուրքիայի դեսպան Զերգին Քորութուրքի հետ: Ավելին, անհասկանալի, նույնիսկ երեխայավարի արձագանք է, երբ չեղյալ է հայտարարվում մարտի 17-ին Էրդողանի Շվեդիա կատարելիք այցը եւ Թուրքիա-Շվեդիա համաժողովը: Այսինքն, նեղացանք Շվեդիայից: Շվեդիան ԵՄ-ում Թուրքիայի ամենավստահելի բարեկամն է: Թուրքիայի այս նեղացկոտությունը պատասխանը եղավ Թուրքիայի համար տարիներ ի վեր ԵՄ-ում պայքարող Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտին: Վերջինս Շվեդիայի խորհրդարանում հայկական նախագծի դեմ հանդես եկող ամենաակտիվ անձն էր: Այս ընթացքում Իսպանիայի 17 ինքնավար միավորներից մեկը` Կատալոնիան եւս 1915-ի իրադարձությունները ճանաչեց որպես ցեղասպանություն: Լավ է, որ այնտեղ հյուպատոսություն չունենք, թե չէ այս գլխով պետք է անմիջապես այն էլ փակեինք: Հայկական նախագիծը Իսպանիայի խորհրդարանի ճանապարհին է: Եթե անցավ` Իսպանիայից էլ ենք նեղանալու: Գերմանիայում նույնպես այդ ուղղությամբ ինչ որ բան է կատարվում: Նրանից էլ կարող ենք նեղանալ: Այսպես գնալու դեպքում Թուրքիայի արեւմտյան ներկայացուցիչները ստիպված են լինելու իրենց մնացած կարիերան անցկացնել Անկարայում: Այն երկրներում, որտեղ մինչ այս ընդունվել էր Հայոց ցեղասպանությունը, դեռ շարունակում են պաշտոնավարել թուրք դեսպաններ: Այնպիսի իրավիճակ է կարծես արդեն Ցեղասպանությունը ընդունած Իտալիան, Ֆրանսիան, Բելգիան, Արգենտինան, Լիտվան, Լիբանանը եւ մի շարք այլ երկրներ օգտվում են ժամանակի վաղեմությունից: Իսկ Թուրքիան կնեղանա նրանցից, ովքեր նոր կընդունեն հայկական նախագծերը: Այսպիսի արտաքին քաղաքականություն չի լինում»-նշում է իր հրապարակման մեջ Ջենգիզ Ջանդարը:

No comments: