Tert.am. 6-4-2010- Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում այսօր աշխատանքներն սկսեց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) «Արդարադատություն. անկախ դատարանի առջև արդյունավետ պաշտպանության իրավունք. նոր մարտահրավերներ» թեմայով 37-րդ համագումարը: Համագումարի մասնակիցների շուրջ 90 տոկոսը տարբեր երկրներից Հայաստան ժամանած մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների ներկայացուցիչներ էին, Հայաստանից մասնակիցների թիվը շատ քիչ էր:
Ավելին, հայաստանյան պաշտոնյաների կողմից նույնպես համագումարն անտեսվել էր. ներկա էին միայն Սահմանադրական դատարանի նախագահը, արդարադատության նախարարն ու արտաքին գործերի փոխնախարարը: Դահլիճը կիսադատարկ էր։ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նախապես էր հրաժարվել համագումարում ելույթ ունենալուց և միայն ունկնդրի կարգավիճակում էր:
Համագումարում ելույթ ունեցան FIDH-ի նախագահ Սուեր Բելասենը, Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Ստեֆան Ֆյուլեն, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը և այլք: Երբ հերթը հասավ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի ելույթին, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին, քաղբանտարկյալների պաշտպանությամբ զբաղվող ընդդիմադիրները և Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ներկայացուցիչներն սկսեցին բացականչել «Ամոթ, ամոթ, ամոթ իշխանություններին»: «Ասպարեզ» ակումբը դահլիճում պարզել էր «Ազատություն 14 քաղբանտարկյալներին» բովանդակությամբ պաստառը:
«Սա քաղաքացիական հասարակության կայացման ձև ընդունենք»,- կատակեց Գագիկ Հարությունյանը և խոսեց հայաստանյան արդարադատությունից: Նա չժխտեց, որ Հայաստանում դատական համակարգում կան թերություններ և հույս հայտնեց, որ դրանց արդյունավետ լուծում կտրվի նաև այս համագումարի շնորհիվ:
FIDH-ի նախագահը դարձյալ իշխանություններից պահանջեց ազատ արձակել քաղբանտարկյալներին:
Համագումարի ամբողջ ընթացքում համերգասրահի շենքի առջև, ի պաշտպանություն քաղբանտարկյալների, բողոքի ակցիա էր անցկացնում «Քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն»:
Wednesday, April 7, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment