Saturday, April 3, 2010

Բաքուն Անկարայում Հայաստանին սպառնում է պատերազմով

Tert.am. 3-4-2010- Ադրբեջանը Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման համար ընտրել է խնդրի կարգավորման խաղաղ ճանապարհը: Սակայն եթե այս ճանապարհով հնարավոր չլինի հասնել որևէ արդյունքի, չի բացառվում խնդրի` ռազմական լուծումը: Այս մասին, թուրքական Zaman օրաթերթի փոխանցմամբ, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող` Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևը` ավելացնելով, որ հարցի առնչությամբ Ադրբեջանի համբերությունն արդեն սպառվում է: Ռամիզ Մեհդիևը Թուրքիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մեհմեթ Ալի Շահինի հետ: Հանդիպումներին հիմնականում քննարկվել են թուրք-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունները և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված Արձանագրություններին` ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ այդ փաստաթղթերը չեն կարող փչացնել երկու եղբայրների` Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները: Մեհդիևը, միևնույն ժամանակ, հիշեցրել է թուրք պաշտոնյաների խոստումները, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայ-թուրքական սահմանը չի բացվի։ Մեհդիևը նաև դժգոհել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթաց չապահովելու համար։

No comments: